211652_close_icon
views-count1317 դիտում article-date 21:01 13-09-2019

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը լրագրողների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բարև Ձեզ հարգելի գործընկերներ, Ուրախ եմ ողջունելու ձեզ արտաքին գործերի նախարարությունում: Գիտեմ, որ երկարատև դադար էր եղել, որը պայմանավորված էր ամառային արձակուրդների շրջանով: Այսօր կփորձեմ անդրադառնալ մամուլում տեղ գտած մի քանի հրապարակումներին, որոնք մենք նպատակահարմար ենք գտնում պարզաբանել, հետո կներկայացնեմ նախարարի օրակարգը և արդեն կպատասխանեմ ձեր հարցերին։ Նախ, նշեմ մամուլում անդրադարձած հրապարակումներին։ Առաջինը վերաբերում է Անդորրայում ՀՀ պատվավոր հյուպատոս Արա Բաղդասարյանի՝ պաշտոնից ազատվելու հանգամանքին։ Մի շարք լրատվամիջոցներում, կարծես թե մեկը մյուսին արտատպելով, նշվեց, որ Արա Բաղդասարյանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության հյուպատոսը Անդորրայում։ Իրականում Արա Բաղդասարյանը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հյուպատոսը Անդորրայում, այլ հանդիսանում էր Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսը, որը դիվանագիտական ծառայության հետ առնչություն չունեցող պաշտոն է։ Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ի կողմից որոշում է կայացվել դադարեցնելու Արա Բաղդասարյանի պատվավոր հյուպատոսի պարտականությունները՝ դրանք ոչ արդյունավետ իրականացնելու կապակցությամբ, որի մասին տեղեկացվել են ինչպես Արա Բաղդասարյանը, այնպես էլ Անդորրայի իշխանությունները: Ինչ վերաբերում է Անդորրայի հետ հարաբերություններին, ապա դրանք համակարգվում են Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի կողմից։ Երկրորդ հարցը, որը վերաբերում է ադրբեջանական մամուլում ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գիորգի Ծերեթելիին վերագրվող հարցազրույցին, որի առնչությամբ, վստահ եմ՝ տեսել եք նաև Վրաստանում մեր դեսպանության հաղորդագրությունը, որ կայացել է հանդիպում Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանի և Գիորգի Ծերեթելիի միջև, որտեղ ի թիվս մի շարք հարցերի՝ բարձրացվել է նաև այս հարցը։ Հարցին անդրադարձ է եղել նաև ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացչության կողմից: Ինչպես մեզ հավաստիացրել են ԵԱՀԿ-ում խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները, Գիորգի Ծերեթելին իր հարցազրույցում որևէ անդրադարձ, առավել ևս՝ բնորոշում չի տվել հայկական կողմի հայտարարություններին: Նա աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին, ինչպես նաև կարևորում է խաղաղ գործընթացի առաջմղման համար համապատասխան միջավայրի ձևավորումը: Եվ նաև մեկ հանգամանք էլ նշեմ, որ առավոտյան մեզ տեղեկացրին, որ ադրբեջանական լրատվամիջոցները հետին թվով արդեն իսկ խմբագրել են այդ հարցազրույցը, որը վերագրվում էր պարոն Ծերեթելիին: Նշեմ, որ սա առաջին անգամը չէ, որ մենք ականատես ենք լինում, երբ պաշտոնյաներին վերագրվում են խեղաթյուրված մեկնաբանություններ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ, և դա բնավ չի նպաստում հակամարտության լուսաբանման գործում ադրբեջանական լրատվամիջոցների նկատմամբ արժանահավատության բարձրացմանը, և իրենից պարզապես քարոզչական պրիմիտիվ հնարքներ են ներկայացնում: Նաև տեղեկացնեմ, որ երեկ մենք հաղորդագրություն տվեցինք, որ, սեպտեմբերի 9-ին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև Հայաստան-ԵՄ ռեադմիսիայի համաձայնագիրը կիրարկող արձանագրությունը: Սրանից հետո եղան բավականին մեկնաբանություններ, թե ինչ է այդ արձանագրությունը իրենից ներկայացնում. ուստի պարզաբանեմ, որ այս արձանագրության ստորագրումը նախատեսված է Հայաստան-ԵՄ ռեադմիսիայի մասին համաձայնագրով, որի 20-րդ հոդվածով նշված է, որ Հայաստանը և ԵՄ անդամ պետությունները պետք է համաձայնագրի կիրարկման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ ստորագրեն: Արձանագրությունն իրենից ներկայացնում է տեխնիկական փաստաթուղթ, որով կողմերը փոխադարձության սկզբունքով համաձայնում են ստեղծել արդյունավետ իրավական ընթացակարգեր այն մարդկանց հայտնաբերման և անվտանգ ու կանոնակարգված կերպով փոխանցման առնչությամբ, որոնք չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության և ԵՄ անդամ պետության սահմանը հատելու, այնտեղ գտնվելու և բնակվելու չափանիշներին, ինչպես նաև դյուրացված կերպով կազմակերպել նրանց տարանցումը: Հայաստանի Հանրապետությունը նման արձանագրություններ մինչ օրս ստորագրել է Բենիլյուքսի պետությունների հետ, դա Բելգիա, Լյուքսենբուրգը և Նիդերլանդներն են, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Էստոնիայի Հանրապետության և Ֆրանսիայի հետ: Եվ ներկայումս նախագծային փուլում են գտնվում կիրարկող արձանագրությունները Բուլղարիայի, Չեխիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի և Շվեդիայի հետ: Եվ ևս մեկ միջոցառում, որը տեղի է ունենալու ժամեր անց։ Տեղեկացնեմ, որ այսօր ԱԳՆ-ում կայանալու է ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 5-րդ նիստը: Այդ նիստին անդրադարձել է նաև նախարարն իր ասուլիսի ժամանակ։ Նիստի ժամանակ քննարկվելու են ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագրի կիրարկման հետ կապված հարցեր, ինչպես նաև քննարկվելու են դրա արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարվելիք քայլերը և անդրադարձ է կատարվելու խնդիրներին։ Այստեղ նշեմ, որ հայկական կողմը ԵՄ գործընկերների ուշադրությունն է հրավիրելու այն հանգամանքի վրա, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ստացվում են բազմաթիվ բողոքներ, որոնք կապված են ԵՄ անդամ պետությունների հյուպատոսություններում մուտքի արտոնագրի ստացման համար գրանցումների խելամիտ ժամկետների ամրագրման առնչությամբ առաջացող բարդությունների հետ, ինչպես նաև անհիմն մերժումների քանակի հետ, որոնք հատկապես վերաբերում այն անձանց, ովքեր բավական հաճախ են շրջագայում ԵՄ անդամ պետությունների տարածքներում: Դրանք են ուսանողները, գիտնականները, արվեստագետները, լրագրողները և այլք: Հայաստանը մշտապես նշել է ԵՄ հետ հարաբերություններում մարդկանց միջև շփումների խրախուսման կարևորությունը, և մենք մշտապես հանձնառու ենք լինելու այս հարցին: Եվս մեկ միջոցառում, որ այսօր երեկոյան է տեղի ունենալու: Գեղարդ վանական համալիրում այսօր կայանալու է «Մշակութային երկխոսություն» համերգը, որն անցկացվելու է ՀՀ արտաքին գործերի նախարարության հովանու ներքո։ Եվ համերգի ընթացքում կատարումերով հանդես են գալու, ինչպես գիտեք, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Ջիվան Գասպարյան կրտսերը, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը, թմբկահար Կարեն Քոչարյանը, դաշնակահար Վահագն Հայրապետյանը և այլք։ Նշեմ, որ միջոցառմանը հրավիրված են հարյուրավոր բարձրաստիճան հյուրեր Հայաստանից և արտերկրից, ներկա են լինելու Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ծառայությունների ղեկավարները, արվեստի մեծանուն ներկայացուցիչներ: Այս համերգը նաև եզակի հնարավորություն է ոչ միայն ներկայացնելու Հայաստանի մշակութային ժառանգությունը, այլ նաև ի ցույց դնել Հայաստանում զարգացող գեղարվեստական միտումները: Համերգին ներկայացվելու է հայկական ավանդական ժողովրդական և հոգևոր երաժշտությունը՝ ժամանակակից մեկնաբանությամբ: Անդրադառնամ նախարարի առաջիկա օրակարգին: Սեպտեմբերի 16-17-ը ԱԳ նախարարը պաշտոնական այցով լինելու է Լիտվայում, որտեղ հանդիպումներ կունենա Լիտվայի վարչապետի, ԱԳ նախարարի, Սեյմի նախագահի և այլ պաշտոնյաների հետ, իսկ 17-ին կմեկնարկի ԱԳ նախարարի երկօրյա պաշտոնական այցը Լատվիա, որի շրջանակներում նախարարը կհանդիպի Լատվիայի նախագահի, Սեյմի նախագահի, ԱԳ նախարարի և այլ պաշտոնյաների հետ։ Ինչպես գիտեք, սեպտեմբերի վերջին, մեկնարկելու է ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանը, որը մեր ոլորտում համարվում է գրեթե ամենածանրաբեռնված շաբաթը, բոլոր նրանց համար, ովքեր ներգրավված են արտաքին հարաբերությունների ոլորտում: Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու համար աշխատանքային այցով այնտեղ է մեկնելու նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ բավական հագեցած օրակարգով։ Նախատեսված են հանդիպումներ ինչպես երկկողմ, այնպես էլ՝ եռակողմ ձևաչափերում: Նախարարը մասնակցելու է մի շարք միջոցառումների, մասնավորապես ելույթով հանդես է գալու ՄԱԿ ԱԽ «անվտանգության և խաղաղության պահպանմանն ուղղված ՄԱԿ և տարածաշրջանային և ենթատարածաշրջանային կազմակերպությունների համագործակցությունը» խորագրով բաց քննարկմանը: Այնտեղ կայանալու է նաև ՀԱՊԿ ԱԳ նախարարների հանդիպումը, և նախարարը մասնակցելու է նաև Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը: Տեղի են ունենալու նաև մի շարք այլ հանդիպումներ, որոնց մասին մենք, արդեն ըստ կարգի կտեղեկացնենք, քանի որ օրակարգը դեռևս գտնվում է մշակման փուլում: Երևի թե այսքանով սահմանափակեմ ելույթս, և անցնենք արդեն հարցուպատասխանի։ Ազատություն ռադիոկայան. Նախ ուզում եմ հասկանալ՝ Նյու Յորքում ԱԳ նախարարը հանդիպում ունենալու՞ է Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: Եվ երկրորդ հարցը վերաբերում է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովի երեկվա հայտարարությանը. նա հայտարարեց, որ Ռուսաստանը դեմ չէ, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ունենա, հակառակը՝ կողջունեն այդ քայլը, չնայած, որ պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարությամբ հանդես է եկել ՀԱՊԿ-ում Ադրբեջանի որևէ կարգավիճակ ունենալու մասին: Ինչպիսի՞ն է մեր ԱԳ նախարարության արձագանքը, և արդյո՞ք սա չի հակասում ՀՀ-ՌԴ ռազմավարական հարաբերություններին, շնորհակալություն: Աննա նաղդալյան. Շնորհակալություն: Ես նշեցի նախարարի օրակարգը, որ նախարարը այցելելու է Նյու Յորք: Իսկ Ձեր հարցի մասով, թե արդյոք կայանալու է հանդիպում, թե ոչ, կարող եմ նշել, որ համանախագահների կողմից եղել է առաջարկ՝ կազմակերպելու ԱԳ նախարարների հանդիպումը, և կողմերը համաձայնել են, որ հանդիպումը կկայանա: Իսկ որտեղ կկայանա և ինչ ժամկետներում, մենք բազմիցս ենք ասել, որ կա սկզբունք, և մենք այդ մասին հայտարարում ենք համաձայնեցված կարգով, թե որտեղ և երբ կկայանա հանդիպումը, և հայկական կողմը երբևէ այս սկզբունքը չի խախտել և չի խախտելու: Երկրորդ հարցի առնչությամբ, մենք տեսել ենք մեկնաբանությունները, որ երեկ արվել են ՀԱՊԿ դիտորդի և գործընկերոջ կարգավիճակի հետ կապված. այս մասով պետք է հստակ արձանագրենք, որ կա ՀԱՊԿ կանոնադրություն, որտեղ հստակ ամրագրված են այն չափանիշները, որոնք պետք են դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ ստանալու համար: Մասնավորապես, դիտորդի կարգավիճակի հավակնող պետությունը պետք է դիվանագիտական հարաբերություններ ունենա ՀԱՊԿ բոլոր անդամ պետությունների հետ, ավելին, ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակի հավակնող պետությունը պետք է աջակցի հակամարտությունների և միջազգային վեճերի և հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը: Իսկ ինչ վերաբերում է գործընկերոջ կարգավիճակին, ինչպես և դիտորդի կարգավիճակի պարագայում, նա նույնպես պետք է ունենա դիվանագիտական հարաբերություններ ՀԱՊԿ անդամ պետությունների հետ, չունենա հակամարտություններ այլ պետությունների կամ պետության հետ և չունենա տարածքային վեճեր հարևանների հետ: Մենք հետևեցինք և մեկնաբանություններին, և տարբեր դիրքորոշումներին, որոնք հնչեցվեցին, և կարծիքներին, որոնք հայտնվեցին, բայց, հստակ արձանագրենք. կա կանոնադրություն, կան հստակ ամրագրված դրույթներ, և կա ՀԱՊԿ սկզբունքը, որ որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա: Ուստի առանց Հայաստանի համաձայնության, ցանկացած մեկնաբանություն, կարծիք և դիրքորոշում կմնա միայն որպես այդպիսին: Հարց. Ուզում եմ հասկանալ չի՞ հակասում այդ հայտարարությունը Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական հարաբերություններին. Ռուսաստանը դեմ չէ, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում որևէ կարգավիճակ ունենա: Աննա Նաղդալյան. Ես նշեցի բոլոր չափանիշերը, որոնց պետք է դիտորդը կամ գործընկերը համապատասխանի: Նաև նշվել է ՀԱՊԿ-ի մեկ այլ պաշտոնյայի դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ը բաց է գործընկերության համար բոլոր պետությունների հետ: Բայց հստակ կան չափանիշեր, որոնց պետք է բավարարել: Սա ես դեռ խոսում եմ կանոնադրության, չեմ խոսում ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերում գրված չափանիշերի մասին: Հարց. ԱԳՆ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ նախապատրաստվում է ԵԱՏՄ-Սինգապուր ազատ առևտրի գոտի ստեղծելու համաձայնագիրը, ի՞նչ եք կարծում, մինչև հոկտեմբերի մեկը հավանական է նախապատրաստական աշխատանքը ավարտել, ու արդյո՞ք Իրանի, Սինգապուրի, և Ռուսաստանի ղեկավարները հաստատել են իրենց այցը Հայաստան: Աննա Նաղդալյան. Ղեկավարների այցի կապակցությամբ արդեն բավականաչափ մեկնաբանություներ եղել են, ես ուղղակի զերծ կմնամ դրանց անդրադառնալուց: Նշեմ, որ մեզ համար ԵԱՏՄ-ի այս միջոցառումը կառույցի միջոցառում է, որին մենք առաջնահերթություն ենք տալիս, և ԵԱՏՄ-ի այս միջոցառման լավագույնս անցկացումը մեր նախագահության գերակայություններից մեկն է: Ինչ վերաբերում է Ձեր նշած հարցին, մեր նախագահության և ԵԱՏՄ-ի նկատմամբ վերաբերյալ վերաբերմունքից է գալիս նաև այն, թե Հայաստանը ինչ առաջատար ներգրավվածություն է ունեցել Իրանի և Սինգապուրի հետ Ձեր կողմից նշված համագործակցության շրջանակի ամրագրման և դրա առաջմղման գործում: Արդեն բոլոր գործընթացները տեղի են ունենում ԵԱՏՄ շրջանակներում, և մենք էլ ենք ցանկանում, որ ժամանակին ավարտվեն այդ համաձայնագրերը, և Սինգապուրի հետ համապատասխան իրավական շրջանակի ստորագրումը հնարավոր լինի այս գագաթաժողովի ժամանակ: Մյուս հարցի մասով, գործընթացներն իրականացվում են, և մենք ամեն ջանք գործադրում ենք. մենք, նկատի ունեմ ամբողջ ԵԱՏՄ կառույցը, ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունները, քանի որ գործընթացը տեղի է ունենում ԵԱՏՄ շրջանակներում, սա Հայաստանի գործընթաց չէ: ԵԱՏՄ շրջանակներում քայլեր են ձեռնարկվում, որպեսզի գործընթացը մինչև գագաթաժողովը արդեն հասնի իր ավարտին: Հարց. «Արմենպրես» լրատվական գործակալություն. Ես ունեմ երկու հարց: Առաջինը՝ Խորհրդարանում հարց բարձրացվեց ՀԱՊԿ-ի շրջանակներում Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ: Ո՞րն է ԱԳՆ-ի դիրքորոշումն այս հարցում: Երկրորդ հարցս վերաբերում է Բոլթոնի հրաժարականին: Արդյո՞ք կազդի մեր երկկողմ հարաբերությունների վրա իր հրաժարականը: Աննա Նաղդալյան. Սկսեմ երկրորդ հարցից․ Միացյալ Նահանգների հետ Հայաստանը ունի ակտիվ երկխոսություն տարբեր մակարդակներում և մենք պատրաստակամ ենք շարունակել քայլերն այս ուղղությամբ: Միացյալ Նահանգների հետ Հայաստանի հարաբերությունները պայմանավորված չեն առանձին անձերով և դրանք կրում են առավել ինստիտուցիոնալ բնույթ: Իսկ առաջին հարցը վերաբերում էր խարհրդարանում ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ բարձրացված հարցին: Մենք մշտապես և հետևողական առնչվում ենք այդ հարցին: Ադրբեջանին զենքի վաճառքի հարցում ՀԱՊԿ որոշ անդամ պետությունների ներգրավվածության մասին մեր մտահոգությունները բարձրաձայնվել են, և մեր դիրքորոշումն այն է, որ դա բացասական ազդեցություն ունի ինչպես կառույցի հեղինակության, այնպես էլ համագործակցության միջավայրի վրա: Մեր մտահոգությունները լսելի են, կարող եմ դա արձանագրել: Մենք հետևողականորեն քայլեր ենք ձեռնարկելու, որպեսզի բացառենք ՀԱՊԿ անդամ պետության դեմ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման պատրանքը: Հարց․ Ես ևս 2 հարց ունեմ, մեկը վերաբերում է Արցախում կայացած ընտրություններին և որոշ պետությունների արձագանքին, մասնավորապես, Վրաստանի և Ուկրաինայի արձագանքին․ եթե չեմ սխալվում Վրաստանն առաջին անգամ է նման կերպով արձագանքում և երկրորդ հարցը․ այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին իրենց հերթական զորավարժությունների մասին, արդյո՞ք ԵԱՀԿ տեղյակ է, մենք տեղյա՞կ ենք՝ ինչպես որ դա պետք է լինի։ Աննա Նաղդալյան. Մենք ևս այսօր տեսանք այդ հայտարարությունը զորավարժությունների մասին։ Մենք տիրապետում ենք տեղեկատվությանը և նշեմ, որ ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը հետամուտ է լինելու հարցի բարձրաձայնմանը և մանրամասների պարզմանը: Ինչ վերաբերում է Արցախի ՏԻՄ ընտրություններին, նշեմ, որ 1991թ․ Արցախում անխափան իրականացվել են ՏԻՄ, նախագահական և խորհրդարանական ընտրությունները, որոնք ևս մեկ անգամ ի ցույց են դնում Արցախի ժողովրդի կողմից իրենց իրավունքների իրականացումը։ Ինչպես արձանագրել են դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունները և դիտորդները, այդ ընտրություններն անցկացվել են ժողովրդական չափանիշներին լիովին համապատասխան։ Այս 28 տարվա ընթացքում Արցախը կուտակել է ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու լավ փորձ, ինչը ևս մեկ անգամ ի ցույց է դնում Արցախի լրջությունը և կարողությունը՝ կառուցելու ժողովրդավարական ինստիտուտներ և երաշխավորելու մարդու ազատ կամարտահայտությունը, և այս առումով, եթե անհրաժեշտություն լինի, Արցախը կարող է կիսվել իր այդ փորձով։ Ինչ վերաբերում է հայտարարություններին, որոնց Դուք անդրադարձաք, նորից նշեմ, որ հանրային միջոցառումներին և ընտրություններին մասնակցությունը մարդու հիմնարար իրավունքների իրացման շրջանակում է։ Այս առումով ես կարող եմ վկայակոչել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն առ այն, որ ճանաչում են Արցախի բնակչության՝ սեփական ապագայի հարցում որոշում կայացնելու դերը։ Մեր սկզբունքային դիրքորոշումը, որի մասին բազմիցս ենք բարձրաձայնել, այն է, որ մարդու իրավունքների իրացումը պայմանավորված չէ իրենց բնակության վայրի կարգավիճակով, իսկ մարդու իրավունքների չճանաչումը որևէ ձև չի սահմանափակում դրանց իրականացումը։ Մարդու իրավունքների չճանաչումը պարզապես անհարմար իրադրության մեջ է դնում այն կողմերին, որոնք նման հայտարարություն են անում։ Հարց. «Պարա թիվի». Այսօր ադրբեջանական մամուլն արդեն գրեց, որ Արցախ այցելած ֆրանսիացի պատգամավորները կարող են հայտնվել Ադրբեջանի սև ցուցակում, նաև Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը երեկ նշել էր, մեջբերեմ՝ «այս անօրինական այցի կազմակերպումը ամբողջովին հակասում է ազատության, հավասարության, եղբայրության բարձր իդեալներին և մարդու հիմնարար իրավունքներին, որոնցով առաջնորդվում են Ֆրանսիայի Խորհրդարանի անդամները»: Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի այս հայտարարությունը: Եվ երկրորդ հարցս՝ վերջերս շատ է քննարկվում Թայվանի հարցը, որ պետք է մասնակցի Հայաստանում կայանալիք WCIT-ին: Ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը Թայվանի հարցի վերաբերյալ: Շնորհակալություն: Աննա Նաղդալյան. Սկսեմ հերթականությամբ: Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանությանը՝ նշեմ, որ Ֆրանսիական Հեղափոխության իդեալները Ֆրանսիացի պատգամավորներին բացատրելու հարցում ադրբեջանական կողմը հիմնարար սխալ է թույլ տվել: Մարդու իրավունքները մարդկանց մասին են, վերաբերում են մարդկանց, նաև այն մարդկանց, որոնք բնակվում են Արցախում, և Արցախի ժողովրդի կողմից՝ իր իրավունքների իրացման մերժումը ոչ այլ ինչ է, քան Արցախի ժողովրդի դեհումանիզացիա, որը նաև Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացված զանգվածային ոճրագործությունների շարունակություն է: Կբավարարվեմ այսքանով: Իսկ ինչ վերաբերում է երկրորդ հարցին՝ նշեմ, որ Հայաստանի դիրքորոշումն այդ հարցում անփոփոխ է և բազմիցս նշվել է տարբեր մակարդակներով: Հայաստանը աջակցում է «Մեկ Չինաստան» քաղաքականությանը, չունի և չի հաստատի հարաբերություններ Թայվանի հետ: Հայաստանը նաև աջակցում է Թայվանյան նեղուցի ափերի միջև խաղաղ հարաբերությունների զարգացմանը: Դա Հայաստանի դիրքորոշումն է, որը մենք բազմիցս բարձրաձայնել ենք: Հարց, Կենտրոն Հ/Ը․ Նախարարն օրեր առաջ հայտարարեց Իսրայելում դեսպանություն բացելու մասին, կխնդրեի մանրամասնել, ի՞նչ աշխատանքներ են, ի՞նչ փուլում են։ Աննա Նաղդալյան. Հայաստանը այդ մասին հայտարարել է ԱԺ-ում բյուջեի հայտի քննարկմանը՝ նշելով, որ մենք Իսրայելի հետ տեսնում ենք քաղաքական երկխոսության և հարաբերությունների զարգացման լավ հիմքեր, և կա երկկողմ հանձնառություն՝ քայլեր ձեռնարկելու առկա ներուժը կիրառելու ուղղությամբ։ Մենք արդեն այս տարվա ընթացքում բավական ակտիվ երկխոսություն ենք ունեցել իսրայելական կողմի հետ, արգործնախարարությունների միջև կայացել են հայ-իսրայելական խորհրդակցություններ, և մենք Իսրայելում դիվանագիտական ներկայացուցչություն բացելով՝ ևս մեկ անգամ հաստատվում ենք այնտեղ, որտեղ մենք ունենք առաջնային, ընդգծված շահեր: Իսրայելի դեսպանության բացումը հենց այդ տեսակետից էլ պետք է դիտարկել։ Քայլեր ձեռնարկվում են, կա երկխոսություն, կա երկկողմ հանձնառություն։ Այս պահի դրությամբ առավել մանրամասն չեմ կարող ասել։

Նմանատիպ նյութեր