211652_close_icon
views-count938 դիտում article-date 16:13 12-09-2019

Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում ամփոփվեց «Ամառային դպրոց խոցելի խմբերի համար» ծրագիրը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ճեմասրահում սեպտեմբերի 11-ին ցուցադրվեցին մանկապատանեկան ստեղծագործական անվճար խմբակներ հաճախած երեխաների աշխատանքները: Ծրագրի փոքրիկ շահառուները հնարավորություն ստացան ամռան 3 ամիսներին՝ ըստ իրենց նախասիրության հաճախելու նկարչության, խեցեգործության, հուլունքագործության, ասեղնագործության, տիկնիկագործության և թատերական խմբակների և, հմուտ մասնագետների օգնությամբ, ձեռք բերելու և զարգացնելու ստեղծագործական նոր հմտություններ: Սաների համար կազմակերպվեցին ճանաչողական այցեր Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային և «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոններ, «Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» թանգարան և «Մոսկվա» կինոթատրոն: Ծրագիրը միտված էր խոցելի խմբերի երեխաների ստեղծագործական կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, ինչպես նաև վերջիններիս ամառային արձակուրդի բովանդակալից անցկացմանը: Հիշեցնենք, որ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 3-ից մեկնարկած՝ խոցելի խմբերի երեխաների համար նախատեսված մանկապատանեկան ստեղծագործական խմբակներում ընդգրկվել էին հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով, միակողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների, զոհված զինծառայողների և սահմանապահների՝ 7-15 տարեկան ավելի քան 50 երեխա, ովքեր անվճար հիմունքներով մասնակցեցին «Մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոց խոցելի խմբի երեխաների համար» ծրագրով նախատեսված կրթամշակութային պարապմունքներին:

Նմանատիպ նյութեր