Աշոտ Վարդապետյանը նշանակվել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկության գլխավոր մրցավար
Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանը նշանակվել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկության գլխավոր մրցավար, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքը։
Աշոտ Վարդապետյանը գլխավոր մրցավար է եղել նաեւ 2012թ․ Անանդ - Գելֆանդ և 2013թ․ Անանդ - Կարլսեն չեմպիոնական մրցախաղերում:
Աշխարհի գավաթի խաղարկության առաջին շրջանում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի եգիպտացի Էսամ Էլ Գինդին:
Աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջին համար, նորվեգացի Մագնուս Կարլսենը և երկրորդ համար, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան չեն մասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը:
Մրցաշարը տեղի կունենա սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 4-ը՝ Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում։