ԱՄՆ-ին է մոտենում «Դորիան» հզոր փոթորիկը. նրան տրվել է 4-րդ մակարդակ
«Դորիան» փոթորիկը հասել է 5 հնարավոր մակարդակներից 4-րդին։ Այդ մասին հայտնել է NBC News-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի Փոթորիկների ազգային կենտրոնին։
Կենտրոնում նախազգուշացրել են, որ փոթորիկը չափազանց վտանգավոր է լինելու հատկապես Բահամյան կղզիների հյուսիս-արևմտյան հատվածի և Ֆլորիդա նահանգի բնակիչների համար։ Քամու արագությունը ներկա պահին կազմում է ժամում 209 կմ։ Այն Բահամյան կղզիներին կհասնի հանգստյան օրերին, իսկ Ֆլորիդային՝ երկուշաբթի։
Փոթորկի հետևանքով տեղումների քանակը կարող է կարող է հասնել որոշ հատվածներում մինչև 50 սմ-ի։
Բահամյան կղզիների վարչապետ Հյուբերթ Միննիսը շտապ տարհանում է հայտարարել մի քանի գյուղական բնակավայրերում։ Ֆլորիդայում արտակարգ ռեժիմ է հայտարարվել։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ին կքննարկի բնակչության հնարավոր տարհանումը Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալության ներկայացուցիչների հետ։