211652_close_icon
views-count11959 դիտում article-date 14:26 26-08-2019

Սյունիքի մարզում արկածային տուրիզմի նոր հնարավորություններ են ստեղծվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օգոստոսի 24-ին Սյունիքի մարզի Տանձավեր գյուղում կայացել է Լեգենդների արահետի բացմանը նվիրված միջոցառում: Լեգենդների արահետը քարտեզագրվել և գծանշվել է «ԵՄ-ն զբոսաշրջության համար․ արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակում: Միջոցառման հյուրերն ու մասնակիցները շուրջ 5 կմ քայլարշավ են կատարել «Կախարդական անտառում», որն արտացոլում է տեղի եւ արտերկրյա արտիստների բնության միջոցով ստեղծված արվեստի գործեր: Համայնքային այս նախաձեռնությունն իրականացվել է ծրագրի շրջանակում հայտարարված դրամաշնորհների շնորհիվ: «ԵՄ-ն զբոսաշրջության համար․ արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագիրը իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի իրականացման գործընկերները Կապանում՝ «ԱՐԿ» բնապահպանական, Գորիսում՝ Գորիսի Զարգացման կենտրոն հասարակական կազմակերպություններն են: Ծրագիրն իրականացվում է նաև համայնքների, Զբոսաշրջության պետական կոմիտեի, տեղական և միջազգային համախոհ կազմակերպությունների հետ անմիջական համագործակցությամբ: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին և ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը բացել են Լեգենդների արահետ քայլուղին։ «Շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ Լեգենդների արահետի բացման արարողությանը նախքան Հայաստանից իմ հեռանալը։ Հայաստանի գյուղական համայնքների զարգացումը գերակա առաջնահերթություն է Եվրոպական միության համար։ Ես նաև անձամբ եմ կարևորել առավել մեծ ուշադրություն դարձնել այն նախաձեռնություններին, որոնք Հայաստանի քաղաքացիներին և զբոսաշրջիկներին թույլ են տալիս վայելել այս երկրի գեղեցկությունը՝ վարելով նաև ակտիվ ապրելակերպ։ Բոլորին խորհուրդ եմ տալիս քայլարշավներ պլանավորել Գորիսն ու Կապանը կապող այս Լեգենդների արահետում և բացահայտել թեյատները, հյուրատները, Կախարդական անտառն ու այլ ծառայությունները, որոնք համայքի բնակիչները ստեղծել են ԵՄ աջակությամբ», - նշել է ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։ ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը ողջունել է միջոցառման հյուրերին ու մասնակիցներին և նշել, որ կառավարությունը խրախուսում է զբոսաշրջային առաջարկների բազմազանեցումը եւ դրանցում համայնքների ներգրավվածությանն ուղղված նախաձեռնությունները: «Ուրախ ենք ԵՄ աջակցությամբ կյանքի կոչել արկածային եւ էկո տուրիզիմի զարգացմանն ուղղված մեծածավալ այս ծրագիրը: Խնձորեսկից դեպի Խուստուփ հասնող Լեգենդների արահետն էականորեն կնպաստի տուրիզմի համաչափ զարգացմանը, տեղացիների տնտեսական ակտիվությանն ու կյանքի որակի բարելավմանը: Ծրագիրը մեծապես նպաստում է նաեւ Կապանի և հարակից բնակավայրերի տուրիստական նոր ուղիների ձեւավորմանը», - նշել է «Մարդը կարիքի մեջ» չեխական հասարակական կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Վարդուհի Դադունցը: Զբոսաշրջային ոլորտի փորձագետները և համայնքաբնակները, ուսանողները և կամավորներն իրականացրել են Գորիս և Կապան համայնքներն իրար կապող տուրիստական քայլուղու ուսումնասիրություն, քարտեզագրում և նշագրում։ Քարտեզագրման և նշագրման աշխատանքները դեռ շարունակվում են։ Գորիսում և Կապանում գործող թանգարանների հետ համագործակցելով՝ հավաքագրվել են տեղի լեգենդները, պատմական իրադարձությունները և ավանդույթները՝ զբոսաշրջիկների համար նոր հետաքրքրություն առաջացնելու համար։ Այդտեղից էլ ծագել է քայլուղու Լեգենդների արահետ անվանումը: Լեգենդների արահետը Գորիսի տարածաշրջանում գծանշված ճանապարհներով կապում է Գորիս, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Հարթաշեն, Վերիշեն, Ակներ, Քարահունջ, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան, Տաթև, Հալիձոր, Շինուհայր, Խոտ և Հարժիս բնակավայրերը, իսկ Կապանում՝ Կապան, Աղվանի, Տանձավեր, Տավրուս, Առաջաձոր, Վերին Խոտանան, Շրվենանց, Անդոկավան, Բեխ, Վաչագան, Բաղաբուրջ, Անտառաշատ, Վանեք, Ձորաստան և Շղարշիկ բնակավայրերը: Ծրագրի շրջանակում արդեն տրամադրվել է 15 դրամաշնորհ՝ նախատեսված թիրախ համայնքներում համայնքային նախաձեռնությունների և ընտանեկան ձեռնարկատիրությունների զարգացման համար։ Այսօր միջոցառման շրջանակում եւս 4 դրամաշնորհ է տրամադրվել Գորիսի և Կապանի համայնքային իշխանությունների հետ համագործակցությամբ համայնքային և մարզային փառատոններ անցկացնելու համար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր