Կառավարությունը մշակել է ՄԻՊ-ի ռազմավարության 2020-2022 թվականների ծրագիրը
ՀՀ կառավարությունը մշակել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային նոր ռազմավարության 2020-2022 թվականների ծրագիրը:
Այս մասին տեղեկացանք e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքից:
Մարդու իրավունքների պաշտպանության նոր Ռազմավարական փաստաթղթերի ընդունումը նպատակաուղղված է լինելու Հայաստանի Հանրապետությունում առաջիկա 6 տարվա համար մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի քաղաքականության ձևավորմանը, ինչպես նաև առաջիկա 3 տարվա համար ոլորտի միջոցառումները մեկ միասնական փաստաթղթով սահմանելուն։
Ռազմավարական փաստաթղթերի ընդունման արդյունքում կստեղծվի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի մեկ ամբողջական` համապարփակ քաղաքական փաստաթուղթ, որը համակարգված ձևով.
ա) կարտացոլի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կառավարության կողմից իրականացվող հիմնական քաղաքականությունը,
բ) կտա թիրախային լուծումներ մարդու իրավունքների պաշտպանության տարբեր բնագավառներում առկա խնդիրներին` քաղաքականության շարունակականություն ապահովելու նպատակով,
գ) կստեղծի լրացուցիչ երաշխիքներ քաղաքացիների և, հատկապես, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության համար,
դ) կբարելավի գործողությունների կատարման համակարգման, մշտադիտարկման և գնահատման ինստիտուցիոնալ համակարգը, կապահովի գործընթացի ներառականությունը և հանրային հաշվետվողականությունը: