ՌԴ պետդումայի պատգամավորն առաջարկել է ռմբակոծել Սիբիրում կրակի մատնված անտառները
ՌԴ Ալթայի երկրամասից ընտրված Պետդումայի պատգամավոր Եվգենիա Բորովիկովան հայտարարել է, որ Սիբիրում առաջացած խոշոր անտառային հրդեհները կարելի է մարել անտառները ռմբակոծելով։ Այդ մասին հաղորդում է Gazeta.ru կայքը՝ հղում անելով պատգամավորի ֆեյսբուքյան էջի հայտարարությանը։
Բորովիկովայի խոսքով՝ նման կերպ են ժամանակին վարվել Շվեդիայում, երբ անտառային հրդհներ էին առաջացել։
«Ռումբի նետման ժամանակ ակտիվորեն կլանվում է թթվածինը և մարում հրդեհը»,-գրել է նա։
Հավելել է, որ Չինաստանում հատուկ զինատեսակներից կրակ են բացում հրդեհային վայրերի վրա, որոնք մշակվել են դեռևս ԽՍՀՄ-ում։
«Գետնին հարվածելու ժամանակ հատուկ նյութն ակնթարթորեն տարածվում է և մարում կրակը մոտ 1000 քմ-ի վրա»,-բացատրել է պատգամավորը։
Ներկա պահին Սիբիրում այրվել է ավելի քան 1 մլն հա անտառային հատված։