International Champions Cup. «Ռեալը» 11 մ. հարվածաշարում հաղթեց «Արսենալին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամերիկյան Մերիլենդ քաղաքի «Ֆեդեքս Ֆիլդ» մարզադաշտում կայացել է International Champions Cup ընկերական մրցաշարի «Ռեալ»- «Արսենալ» հանդիպումը:
Բավական հետաքրքիր այս մրցավեճում «Արսենալը» արդեն 24-րդ րոպեին հաշվի մեջ առաջ էր 2:0. աչքի ընկան թիմի հարձակվողները Ալեքսանդր Լակազետը և Պյեր-Էմերիկ Օբաեմյանգը: Ընդ որում, խաղի 9-րդ րոպեից «Ռեալը» մնացել էր 10 հոգով. խաղադաշտից հեռացվել էր Նաչոն: 40-րդ րոպեին էլ «Արսենալի» կազմում կարմիր քարտ է ստացել Սոկրատիսը:
Սակայն երկրորդ խաղակեսում «Ռեալը» հավասարեցրել է հաշիվը. աչքի են ընկել Գարեթ Բեյլն ու Մարկո Ասենսիոն:
Մրցաշարի կանոնակարգի համաձայն, լրացուցիչ ժամանակ նախատեսված չէ, և հաղթողին որոշելու համար նշանակվել է հետխաղային 11-մետրանոց հարվածաշար, որտեղ հաջող են գտնվել «Ռեալի» ֆուտբոլիստները՝ 3:2:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լոնդոնյան թիմի մեկնարկային կազմում է եղել և փոխարինվել 75-րդ րոպեին: