211652_close_icon
views-count1864 դիտում article-date 10:53 24-07-2019

Որպես վկա հարցաքննվող Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևը մտադիր է թռչել Մոսկվա

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը չորեքշաբթի հայտարարել է լրագրողներին, որ երկրից կհեռանա Կանտա քաղաքի ռուսական ավիաբազայից։ Գրում են ռուսական լրատվամիջոցները։ Երկուշաբթի Ղրղզստանի նախկին նախագահն ասել էր, որ նախատեսում է թռչել Մոսկվա չորեքշաբթի «մի երկու օրով»։ Ուղևորության նպատակի մասին Ռուսաստանի մայրաքաղաքում հանդիպումերի ժամանակ Աթամբաևը չի նշել՝ ասելով, որ դա «կոնֆիդենցիալ տեղեկատվություն» է։ Անցած շաբաթ միլիցիայի աշխատակիցները երրորդ անգամ Աթամբաևին կանչել էին հարցաքննության երկրի ՆԳՆ Գլխավոր քննչական վարչություն ցուցմունքներ տալու համար որպես վկա քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ապօրինի ազատ արձակելու գործով։ Բայց այդ ծանուցումը նախկին նախագահը, ինչպես և նախորդ երկուսը, անտեսել է՝ ասելով, որ «անգամ ձեռքը չի վերցնի դրանք»։ Ղրղզական օրենքներով երեք չներկայանալուց հետո իրավապահ մարմինները իրավունք ունեն հարկադրաբար բերման ենթարկելու վկային։ Ավելի վաղ աղբյուրը ՆԳՆ-ում ՌԻԱ «Նովոստի»-ին ասել էր, որ ներկա պահին Աթամբաևի թռիչքի ոչ մի սահմանափակում չկա։ Ղրղզստանի խորհրդարանը հունիսի 20-ին դատախազություն էր հանձնել նախկին նախագահի մեղադրանքների ցանկը, որը պատրաստել է հատուկ պատգամավորական հանձնաժողովը։ Վերահսկիչ մարմինը եզրակացություն է տվել այն մասին, որ նախկին նախագահը կարող է հանցակից լինել կոռուպցիայի, Բիշքեկի ՋԷԿ-ի արդիականացման, կեղծ բժշկական տեղեկանքներով Ազիզ Բատուկաևի ազատ արձակման, հողերի ապօրինի սեփականաշնորհման և այլ գործերում։ Եթե դատարանը Աթամբաևին մեղավոր ճանաչի, նրան կարող է ցմահ բանտարկություն սպառնալ։ Աթամբաևն ինքը խորհրդարանականների մեղադրանքներն անվանել է «անհեթեթ» և ասել, որ մաքուր է ժողովրդի առջև և պատրաստ է պատասխան տալ իր բոլոր արարքների համար։ Ալմազբեկ Աթամբաևը երկիրը ղեկավարել է 2011-2017 թվականներին։ Նա միակ համաժողովրդական ընտրված նախագահն է, որը կամովին իշխանությունը ընտրություններից հետո տվեց պետության նոր ղեկավար Սոորոնբայ Ժեենբեկովին։ Ժեենբեկովի՝ պաշտոնն ստանձնելուց շատ չանցած Աթամբաևի թիմի մի շարք պաշտոնյաների հանդեպ քրեական գործեր հարուցվեցին կոռուպցիոն հոդվածներով։ Դատի տակ են երկու նախկին վարչապետերը, մայրաքաղաքի երկու նախկին քաղաքապետերը և մի շարք այլ հայտնի քաղաքական գործիչներ։ Նրանք բոլորը քանիցս իրենց մեղադրանքներն անվանել են «քաղաքականացված»։

Նմանատիպ նյութեր