Կառավարությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձը դարձնել 68 հազար դրամ
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագիծը:
Զեկուցող Գեմաֆին Գասպարյանը ներկայացրեց ԱԺ պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի և Բաբկեն Թունյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձի չափը սահմանել 55 հազար դրամի փոխարեն 63 հազար, այնինչ կառավարությունն առաջարկում է, որ այն սահմանվի 68 հազար դրամ:
Նա ներկայացրեց հաշվարկի հիմքերը, որտեղ կարևորվել է նվազագույն սպառողական զամբյուղը:
«Ուղիղ փոխելու ենք 45 հազար մասնավոր և 35 հազար պետական ոլորտում աշխատողների աշխատավարձի չափը, որոնք ստանում են նվազագույն աշխատավարձ»,-ասաց նա և նշեց, որ նրանց աշխատավարձը շուրջ 23-24 տոկոսով ավելանում է:
Վարչապետը կարևորեց նաև աշխատողների իրավունքների պաշտպանությունը, քանի որ կառավարության անդամների կողմից մտահոգություններ եղան, որ հնարավոր է՝ գործատուն մանևրելու հնարավորություններ ունենա ժամերի քանակով, ինչը ևս պետք է կանոնակարգել օրենքով, որպեսզի նման հնարավորություն չլինի: