211652_close_icon
views-count1104 դիտում article-date 19:48 25-06-2019

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 25-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին, ով ավարտում է իր պաշտոնավարումը մեր երկրում: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել դեսպանի ներդրումը հայ-հնդկական կապերի ամրապնդման գործում` նշելով, որ փոխգործակցության բազմաթիվ օրինակներ կան ամենատարբեր ոլորտներում: Այդուհանդերձ, ըստ Արարատ Միրզոյանի` երկկողմ հարաբերություններում առկա է դեռեւս չիրացված մեծ ներուժ, այդ թվում` տնտեսության, կրթության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում: ԱԺ նախագահի համոզմամբ` գործակցության ընդլայնմանը էապես կնպաստի երկու մայրաքաղաքների միջեւ ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումը: Օրենսդիր մարմնի ղեկավարը, անդրադառնալով միջխորհրդարանական կապերի կարեւորությանը, առանձնացրել է ինչպես բարեկամական խմբերի աշխատանքների ակտիվությունը, բարձր մակարդակով հանդիպումները, այնպես էլ միջազգային խորհրդարանական հարթակներում համագործակցությունը, տարբեր հարցերի շուրջ փոխհամաձայնեցված գործունեությունը: Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հնդկաստանի խորհրդարանի ղեկավարին ուղղված` Հայաստան այցելելու հրավերը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ գնահատանքի խոսքերի համար` Սանգվան Յոգեշվարը կանգ է առել այն համատեղ ծրագրերի վրա, որոնք մինչ այս իրականացվել են: Նա եւս ընդգծել է, որ համագործակցության զգալի մեծ հեռանկարներ կան, որոնք դեռ սպասում են իրենց կենսագործմանը: Երկկողմ հարաբերությունները որակելով որպես դինամիկ զարգացող` դեսպանը դրանց հետագա զարգացման առումով կարեւորել է բարձր մակարդակով շփումները, օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցության խորացումը, գործարար շրջանակների կապերի ակտիվացումը: Հաջողություն մաղթելով հետագա գործունեության մեջ` Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Սանգվան Յոգեշվարն ամենուր կլինի Հայաստանի բարեկամների թվում:

Նմանատիպ նյութեր