211652_close_icon
views-count1132 դիտում article-date 19:30 06-05-2019

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 6-ին ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ու Յուն-Գընին: Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում` խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո երկու երկրների միջեւ ձեւավորվել են բարեկամական կապեր, ինչը պետք է իր զարգացումն ունենա: Արարատ Միրզոյանն անդրադարձել է համատեղ իրականացված բազմաթիվ ծրագրերին, մասնավորապես այն տեխնիկական վերազինման աջակցությանը, որ Կորեայի Հանրապետությունն իրականացրել է մեր երկրի տարբեր պետական գերատեսչություններում, այդ թվում` Ազգային ժողովում: Նա դրական է գնահատել հաստատված հայ-կորեական միջխորհրդարանական փոխգործակցությունը` կարեւորելով փորձի փոխանակումը, փոխադարձ այցերն ու պատգամավորական բարեկամական խմբերի աշխատանքը: Ազգային ժողովի նախագահը վստահություն է հայտնել, որ հայ-կորեական հարաբերությունների ընդլայնմանը մեծապես կնպաստի Երեւանում Կորեայի Հանրապետության դեսպանատան բացումը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ու Յուն-Գընը շնորհավորել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների ու ժողովրդավարական գործընթացների կապակցությամբ` ընդգծելով, որ իր երկիրը պատրաստակամ է այսուհետ եւս զարգացնելու հարաբերությունները տնտեսական, մշակութային, հումանիտար եւ այլ ուղղություներով: Նա վստահեցրել է, որ աջակցության ծրագրերը, այդ թվում` ուղղված ՀՀ Ազգային ժողովի կարողությունների հզորացմանը, հետայսու եւս շարունակական կլինեն: Առաջիկայում քննարկման առարկա կլինեն Հայաստան-Կորեա գործակցության կոնկրետ ուղղությունները: Կողմերն անդրադարձել են միջազգային զարգացումներին` կարեւորելով փոխգործակցությունը նաեւ արտաքին քաղաքականության` երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերում: Արարատ Միրզոյանը ողջունել է այն երկխոսությունը, որ ծավալվել է Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ: Նա նաեւ վերահաստատել է Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների խորհրդակցությունը Երեւանում անցկացնելու պատրաստակամությունը: Անդրադառնալով Ներդրումների խրախուսման եւ պաշտպանության երկկողմ համաձայնագրին` խորհրդարանի ղեկավարը հավաստիացրել է, որ դրա վավերացումն օրենսդիր մարմնի օրակարգում է: Երկուստեք արձանագրվել է, որ համաձայնագիրը նոր խթան կհանդիսանա Հայաստան-Կորեա հարաբերությունների հետագա ընդլայնմանը:

Նմանատիպ նյութեր