Արտակարգ իրավիճակ Թբիլիսիում. ցուցարարները գրոհում են Խորհրդարանի շենքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս պահին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթանում է հազարավոր ցուցարարների բողոքի ակցիան, հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանական ուժերը փորձում են դուրս բերել մոտ 100 ցուցարարների, ովքեր ներխուժել են Խորհրդարանի շենք:
«Грузия Online»-ի փոխանցմամբ՝ ոստիկանական ուժերը հատուկ միջոցներ չեն կիրառում: Տեղում է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան:
Նշվում է, որ այսօր երեկոյան Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության հազարավոր ներկայացուցիչներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի, ՆԳ նախարար Գ. Գախարիայի և Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելարուի հրաժարականը:
Բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը խորհրդարանում ելույթ է ունեցել վրացական խորհրդարանի ղեկավարի աթոռին նստած: Դա առաջացրել է դահլիճում ներկա ընդդիմադիր պատգամավորների դժգոհությունը:
Ռուսական պատվիրակությանը դուրս են բերել անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ և ուղեկցել են միկրոավտոբուսի մոտ, իսկ ցուցարարները նրանց ուղղությամբ շշեր են նետել:
Ցույցը կազմակերպել են նախկինում Միխեիլ Սաակաշվիլիի ղեկավարած «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները:
Նշվում է, որ ցույցին մասնակցում է ավելի քան 10 հազար մարդ:
Սաակաշվիլին Ուկրաինայից կոչ է արել ոստիկանությանը չենթարկվել ներկա իշխանություններին և անցնել ժողովրդի կողմը:
Բողոքի ցույցեր են սկսվել նաև Բաթումում: