86208 դիտում
12:58 30-05-2019
Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանության նախկին կենտրոնական բաժնի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել. օպերատիվորեն ժամանած բժիշկները օգնություն էին ցուցաբերում քաղաքացուն, իսկ հրշեջներն էլ պայքարում էին կրակի դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 30-ին, հրդեհի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել նախկին ոստիկանության կենտրոնական բաժնի Իսրայելյան 39 հասցեում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 1-ին և 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։
Հրշեջները նախ կանխել են շենքի 3-րդ հարկում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 03 բրիգադը՝ բժիշկ Ադամ Պետոյանի և բուժքույր Անյա Բալայանի գլխավորությամբ։ Նրանք տեղում բուժօգնություն ցուցաբերեցին նշված շենքում բնակվող քաղաքացուհուն, ով ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էր. «6 անգամ էս շենքը պաժառ է ընկել թափառաշրջիկների պատճառով։ Սեփականատերը հօդս է ցնդել։ Մեռանք՝ ասելով, որ շենքին տիրություն արա, փականներ դիր, որ թափառաշրջիկները չմտնեն ներս ու կրակի չմատնեն շենքը։ Էս անգամ էլ հրշեջները օպերատիվ ժամանեցին ու նրանց շնորհիվ կրակի լեզուները մեր տներին չհասավ։ Ես վատառողջ ու սոցիալապես անապահով կին եմ։ Անչափահաս երեխայիս խնամում եմ միայնակ՝ չհաշված 80-ն անց մորաքույրս։ Ի՞նչ անենք, ո՞ւմ դիմենք, որ էս պրոբլեմը վերջապես լուծեն։ Գոհ ենք միայն հրշեջ-փրկարարներից, Կենտրոնի ոստիկաններից ու բժիշկներից։ Առավոտից զանգում ենք քաղաքապետարան՝ խնդրելով, որպեսզի քաղաքապետը ներկայացուցիչ ուղարկի, բայց միայն լսում ենք՝ հիմա կմոտենան։ Էս 2 ժամ ա, մոտենում են։ Եթե այս ձև է քաղաքապետարանն աշխատելու, ավելի լավ ա՝ քաղաքապետը գնա ու շարունակի ի դերը «Ազիզյաններ»-ում։ Մնում ա՝ դիմենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց մի՞թե սա այն խնդիրն է, որ վարչապետը խառնվի»։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բժիշկները տեղում օգնություն ցուցաբերելուց հետո մի որոշ ժամանակ կնոջը վերցրել էին իրենց հսկողության տակ։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 136+
136+