211652_close_icon
views-count48516 դիտում article-date 19:00 08-08-2023

Վրաերթ Գեղարքունիքի մարզում. Chevrolet-ը Սևանում վրաերթի է ենթարկել հետիոտնին. մինչ օպերատիվորեն ժամանած բժիշկերը օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Ոստիկանության Սևանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալը «մուկն ու կատու էր խաղում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում Chevrolet մակնիշի 37QO728 ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, 70-ամյա Սամվել Ենոքյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգության բժիշկների հերթապահ խումբը, նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Սևան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սևանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը, ով չգիտես ինչու թիվ 1 խնդիր է համարել այն, որ վարորդին, չակերտավոր ասած՝ օգնություն է պետք ցուցաբերել՝ հեռացնելով դեպքի վայրից ու դեպքի վայր ժամանած Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչներին հայտնել է, թե վարորդի ինքնությունը հայտնի չէ, այն դեպքում, երբ անգամ Սևանում լողացող ձկները գիտեն, թե ով է վարորդը ու ինչի համար է օպերգծով տեղակալը, Գագիկ Ջհանգիրյանի խոսքով ասած՝ «համ ուզում է կույս մնալ, համ հաճույք զգալ», դիմել այդ քայլին, դա պետք է պարզեն ՀՀ ՆԳՆ Ոստիկանության շտաբի և Ներքին անվտանգության վարչության կողմից, իսկ օպերգծով տեղակալը թող շարունակի քննիչների «ականջներին լապշա կախել»: 

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Սևանի քննչական բաժնի քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Երևանի բնակիչ, 48-ամյա Արմեն Գևորգյանի անվամբ և արդո՞ք նա է եղել ղեկին, թե այլ մարդ, դա արդեն պետք է պարզեն Սևանի քննչական բաժնում։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր