211652_close_icon
views-count2033 դիտում article-date 21:40 20-05-2019

Բժշկական և Մանկավարժական համալսարանները վերահավատարմագրվում են

Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական(ԵՊԲՀ) և Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական (ՀՊՄՀ) համալսարանները վերահավատարմագրվում են։ Մայիսի 20-23-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) փորձագետները այց կիրականացնեն ԵՊԲՀ, իսկ 20-24-ին՝ ՀՊՄՀ։ Փորձագետները կգնահատեն բուհերի գործունեությունը Կառավարության կողմից հաստատված 10 չափանիշներով, կդիտարկեն բուհերի առաջընթացը նախորդ հավատարմագրումից ի վեր, ինչպես նաև բարելավման ծրագրերի իրականացումը և առկա արդյունքները։ Այդ նպատակով փորձագիտական խմբերը հանդիպումներ և քննարկումներ կունենան բուհերի հոգաբարձուների խորհրդի, վարչական ղեկավարության, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, որակի ապահովման մասնագետների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի, տեղացի ու միջազգային ուսանողների ու շրջանավարտների հետ։ Խումբը կիրականացնի փաստաթղթերի ուսումնասիրություն, ռեսուրսների դիտարկում և դասալսումներ, կդիտարկի ուսանողի գնահատումը, մասնագիտական պրակտիկ կարողությունների ու հմտությունների ձևավորման գործընթացը։ Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն, որում կմատնանշեն բուհերից յուրաքաչյուրի ուժեղ և թույլ կողմերը, բարելավման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցեն։ ԵՊԲՀ փորձագիտական խմբի ղեկավարն է Հայ-ռուսական համալսարանի դասախոս, դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Մարիամ Մոմջյանը: Փորձագիտական խմբի մյուս անդամներն են Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիայի (WFME) խորհրդական, Ղազախ-ռուսական բժշկական համալսարանի խորհրդատու, բժշկական գիտությունների դոկտոր Ֆարիդա Նուրմանբետովան, Հնդկաստանի Քաղցկեղի բուժման Մաքս ինստիտուտի կլինիկական ղեկավար և գլխավոր խորհրդական, օնկոլոգ-վիրաբույժ Արխիտ Պանդիտը, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Կարեն Թռչունյանը, ՀԱԱՀ ուսանող Իվետա Արզումանյանը: Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ավագ մասնագետ Վարդուհի Գյուլազյանը։ ՀՊՄՀ-ում արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի ղեկավարն է ԵՊԼՀ Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինե Սողիկյանը: Խմբի մյուս անդամներն են Նիդեռլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման կազմակերպության (NVAO) քաղաքականության հարցերով ավագ խորհրդական, կենսաբանական գիտությունների թեկնածու Փիթեր Քարիսը, ֆիզ․ մաթ․ գիտությունների թեկնածու, ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գագիկ Քթրյանը, ԵՊՀ Անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Խաչատրյանը, ԵՊՀ ուսանող Սրբուհի Միչիկյանը։ Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի մասնագետ Անի Մկրտչյանը։ Արտաքին գնահատումից հետո բուհերի հավատարմագրման մասին որոշումը կայացնելու է ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը՝ հիմնվելով փորձագիտական զեկույցի, բուհի ինքնավերլուծության և բարելավման ծրագրի վրա։ Նշենք, որ ԵՊԲՀ-ն և ՀՊՄՀ-ն 4 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում էին ստացել 2015-ին։ [b]ՈԱԱԿ հասարակության հետ կապերի պատասխանատու ՀայկուհիԲարսեղյան[/b]

Նմանատիպ նյութեր