211652_close_icon
views-count1297 դիտում article-date 12:49 09-05-2019

Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Եռատոնի կապակցությամբ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում մեր ժողովրդին Հաղթանակի ու խաղաղության տոնի, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի հիմնադրման օրերի առիթով: Մայիսի 9-ի խորհուրդը աշխարհասփյուռ մեր ժողովրդի համար նվիրական է։ Այսօր մենք տոնում ենք Երկրորդ աշխարհամարտում և Արցախին պարտադրված պատերազմում մեր հերոս հայրերի ու նրանց քաջարի որդիների սխրագործությունների հաղթանակը։ Հպարտ և երախտագետ հոգով մեր խոնարհումն ենք բերում ռազմի դաշտում հանուն խաղաղության հերոսացածների հիշատակին, նաև հաղթանակի համար իրենց ջանքերը ներդրած նվիրյալներին: Երկրորդ աշխարհամարտից շուրջ կես դար հետո մենք կրկին հարկադրված եղանք պաշտպանելու մեր ժողովրդի ազատ և անվտանգ կյանքի իրավունքը՝ միայնակ դիմակայելով Արցախում մեր գոյությանը սպառնացող հակառակորդին։ Արցախյան ազատամարտը, Շուշիի ազատագրումը հաջորդ սերունդներին փոխանցելու է մեր ազգի արիության, արժանապատվության և սեփական ուժերին ապավինելու պատմությունը, հանուն խաղաղության հեղված արյան արժևորման բարձր գիտակցությունը։ Շուշիի ազատագրման հաղթական օրը հռչակվեց նաև տոն Պաշտպանության բանակի հիմնադրման, որը իր հայրենասեր և խիզախ զորահրամանատարներով, սպաներով ու զինվորներով երաշխավորն է Արցախ աշխարհում մեր ազգային իղձերի ու երազների իրականացման։ Ի խորոց սրտի Մեր աղոթքն է, որ Բարձրյալն Աստված Իր Ամենազոր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղության մեջ անվտանգ պահի Հայաստանն ու Արցախը, զորացնի և օգնական լինի հայրենյաց պաշտպաններին, և երկնառաք օրհնությամբ բարգավաճի հայրենի մեր երկիրը և համայն ժողովուրդը համերաշխ, երջանիկ ու բարօր կյանքով: Օրհնությամբ` ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Նմանատիպ նյութեր