211652_close_icon
views-count3989 դիտում article-date 22:24 07-05-2019

Նկարիչների միությունում կբացվի Սարգիս Սահակյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

Մայիսի 13-ին, ժամը 17:00 Հայաստանի նկարիչների միությունում (Աբովյան 16) կբացվի ոսկերիչ-ձևավորող, Հայաստանի նկարիչների միության, ինչպես նաև Միջազգային գեղարվեստական ֆոնդի անդամ, 1982 թ. Հնդկաստանում տեղի ունեցած միջազգային տոնավաճառի ոսկե մեդալակիր Սարգիս Սահակյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Ցուցահանդեսին կներկայացվեն ոսկերիչ-ձևավորողի ինքնատիպ գործերը: Ոսկերիչ-ձևավորող, Հայաստանում և նրա սահմաններից դուրս ոսկերչական արվեստի ճանաչված վարպետ Սարգիս Սահակյանի բազմաթիվ գործերում ներդաշնակորեն զուգորդվում են ինչպես ժամանակակից մոտիվներն ու թեմաները, այնպես էլ անցյալի, մասնավորապես՝ Ֆաբերժեի տան, ոսկերչական դպրոցների լավագույն ավանդույթները: Վարպետի ստեղծագործություններում բազմակողմանիորեն օգտագործվում է ոսկու, արծաթի, թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի մշակման ոսկերչական տեխնիկայի ամբողջ զինանոցը, նրբագույն աշխատանքի միջնորմային արծնապակին, փորագրած մետաղի արծնապակային ծածկույթը: Բարդագույն տեխնիկայի և նրբագույն ճաշակի զուգակցումն արժևորում են նրա աշխատանքները, որոնցից յուրաքանչյուրն օժտված է միայն իրեն հատուկ նրբագեղությամբ: Սարգիս Սահակյանը սիրում է ստեղծել անակնկալներով տուփեր (զատկի ձվեր): Այս տուփերի պարունակությունն անակնկալ է.տուփերում հնարավոր է տեսնել մշակված կիսաթանկարժեք քար, անտիկ դիցաբանությունից սյուժե, կենդանիների կյանքից զվարճալի տեսարան: Սարգիս Սահակյանի գործերը ցուցադրվել են Ռուսաստանում, Հոլանդիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Հունգարիայում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում և այլուր: Աշխատանքների մի մասը գտնվում են ոսկերիչ-ձևավորողի անհատական հավաքածուներում: Ցուցահանդեսը կտևի մինչև մայիսի 20-ը:

Նմանատիպ նյութեր