211652_close_icon
views-count1170 դիտում article-date 12:52 27-03-2019

Դեսպան Տիգրան Մկրտչյանը Սաեյմայում հանդիպեց Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին

Մարտի 26-ին աշխատանքային այցով Ռիգայում գտնվող դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) Լատվիայի Սաեյմայում հանդիպեց Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին: Տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպման սկզբում բարեկամական խմբի ղեկավար, օրենսդիր մարմնի փոխքարտուղար Մարիա Գոլուբևան, ներկայացնելով խմբի անդամներին, նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է Հայաստանի հետ բարեկամական խմբի մաս կազմել և խորհրդարանական մակարդակում խթանել երկու երկրների միջև ձևավորված ջերմ հարաբերությունները: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ դեսպան Մկրտչյանը նշեց, որ ժամեր առաջ Հայաստանի խորհրդարանում ձևավորվել է 25 պատգամավոր ներառող Հայաստան-Լատվիա պատգամավորական բարեկամական խումբը, որի մեջ ընդգրկվել են խորհրդարանական բոլոր ուժերից ներկայացուցիչներ: Դեսպան Մկրտչյանն իր երախտագիտությունը հայտնեց Լատվիայի նախորդ գումարման խորհրդարանների բարեկամական խմբերին և նրանց ղեկավարներին ակտիվ երկխոսություն ծավալելու համար և հույս հայտնեց, որ նույն ակտիվությունը կծավալվի նոր խորհրդարանների միջև։ Շնորհակալություն հայտնելով նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ԵՄ անդամ-երկրներից երկրորդը վավերացնելու համար՝ դեսպանը համոզմունք հայտնեց, որ նոր խորհրդարանի հետ համագործակցությունն ավելի ակտիվ և արդյունավետ կլինի՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ բարձրաստիճան այցելությունների կազմակերպման, երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջև կապերի ակտիվացման, առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանն առնչվող հարցեր: Տիգրան Մկրտչյանը ընդհանուր գծերով ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու մարտահրավերները, Հայաստանում իրականացվող բարեփոխումները, անդրադարձ կատարեց ՀՀ-ԵՄ օրակարգային հարցերի, պատասխանեց պատգամավորների կողմից հնչեցված բազմաթիվ հարցերի: Կառուցողական մթնոլորտում անցած հանդիպումը շարունակվեց նույն օրը տեղի ունեցած աշխատանքային ճաշի շրջանակներում:

Նմանատիպ նյութեր