211652_close_icon
views-count1955 դիտում article-date 16:51 22-03-2019

Գյուղնախում քննարկվել է պետական օժանդակության ծրագրերի ընթացքը. կմեկնարկեն նոր պրոդուկտներ անասնաբուծության ոլորտում

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը խորհրդակցությունն էր հրավիրել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերին միացած ֆինանսական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարներ Գառնիկ Պետրոսյանը, Արտակ Քամալյանը և Տիգրան Գաբրիելյանը։ Ողջունելով ներկաներին՝ Գեղամ Գևորգյանը նշել է, որ հանդիպումը նպատակ ունի դիտարկել գործող ծրագրերի ընթացքը, անդրադարձ կատարել ֆինանսական կառույցների և գյուղացիական տնտեսությունների կողմից բարձրաձայնվող հարցադրումներին, ինչպես նաև իրազեկել և մտքեր փոխանակել առաջիկայում նախատեսվող նոր պրոդուկտների շուրջ։ Նա մասնավորապես տեղեկացրել է, որ բացի արդեն իսկ կատարված փոփոխություններից նախարարությունն առաջիկայում կմեկնարկի նոր ծրագրեր անասնաբուծության ոլորտում՝ տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների տրամադրման սուբսիդավորման և «խելացի ֆերմաների» ստեղծման համար դրամաշնորհների հատկացման վերաբերյալ, ագրոպարենային սարքավորումների լիզինգի ծրագրից օգտվելու հնարավորություն կընձեռվի նաև ֆիզիկական անձանց։ «Փաստենք, որ պետական սուբսիդավորվող վարկերի պարագայում բացի տոկոսադրույքից սպասարկման կամ այլ վճարներ ֆինանսական կառույցների կողմից չեն գանձվում, մեր կողմից իրականացվող ծրագրերում գործում է փաստացի տոկոսադրույք»,- ընդգծել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալը։ Քննարկման ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել ծրագրերի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման աշխատանքներում բանկերի ներգրավման հարցին։ Գեղամ Գևորգյանը հավելել է, որ շահառուների կողմից հաճախ բողոքներ են հնչում, որ ֆինանսական կառույցները մերժում են սուբսիդավորվող վարկերի տրամադրման հայտերը, փոխարենն առաջարկում են իրենց ավելի թանկ պրոդուկտները։ Մասնակիցները հավաստիացրել են, որ աչալուրջ կլինեն նման դեպքերը բացառելու համար։ Քննարկմանը անդրադարձ է կատարվել նաև 3-15 մլն դրամի սուբսիդավորվող վարկերի դեպքում մինչև որոշակի շեմը առանց գրավի վարկեր տրամադրելու հնարավորությանը, ինչպես նաև մասնակիցների հետաքրքրության տիրույթում գտնվող մի շարք այլ հարցերի։

Նմանատիպ նյութեր