211652_close_icon
views-count1661 դիտում article-date 16:41 18-03-2019

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արյա Մակոնենին: Ինչպես հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Սմբատ Սաիյանը հյուրերին ներկայացրել է նախարարության առաջնահերթությունները և ընդգծել, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության խնդիրները դրանցից մեկն են: «Մեր երկրում նշված ոլորտում աշխատանքներն իրագործվում են երկու ուղղությամբ՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կառուցակարգերի ու մեխանիզմների կատարելագործում և հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման ընդհանուր ընթացակարգերի վերանայում՝ հիմքում ունենալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման մեխանիզմները»,- նշել է նախարարի տեղակալը: Նախարարության պաշտոնյաները դեսպանին ներկայացրել են նաև հաշմանադամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունները՝ աջակցող սարքերի տրամադրում, դրամական նպաստներ և այլն: Պարոն Սաիյանը զրույցի ընթացքում առանձնացրել է ոլորտի երկու կարևոր խնդիր՝ ոլորտի ապաինստիտուցիոնալացումն ու այլընտրանքային ծառայությունների մակարդակի և որակի բարելավումը: Խոսվել է նաև հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության մասին: Պարոն Սաիյանն ընդգծել է, որ ՀԿ-ների դերը ոլորտի զարգացման, խնդիրների վերհանման, ինչպես նաև՝ լուծումներ գտնելու հարցում անգնահատելի է: «Ամեն ինչ շահառուի համար, ամեն ինչ մարդու համար. սա այն ելակետն ու սկզբունքն է, որն ունի նախարարությունը սոցիալական պաշտպանության ոլորտում իրագործվող աշխատանքների և ծրագրերի հիմքում»,- ասել է նախարարի տեղակալը: Դեսպան Մակոնենը շնորհակալություն է հայտնել ընդունելության և նախարարության ծրագրերի վերաբերյալ հանգամանալից ներկայացման համար և նշել, որ պատրաստակամ են համագործակցել և աջակցել՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացին:

Նմանատիպ նյութեր