211652_close_icon
views-count5053 դիտում article-date 09:40 15-03-2019

Հայֆիլմի Վերածնունդ Նախաձեռնություն. Կոչ ենք անում խոշոր բարեգործությունների ժամանակ առաջնահերթ աջակցել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին

Հայֆիլմի Վերածնունդ Նախաձեռնության հիմնադիր, ռեժիսոր Հայկ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախագահ, առաջին տիկին Աննա Հակոբյանը վերջերս եթերում հայտարարեց․ - Համարում եմ, որ մինչ այս պահը մենք վատ ենք աշխատել, որ չունենք գումար օրինակ ֆեյսբուքում բավական հայտնի 9-ամյա աղջնակի երեխայի ոսկրածուծի փոխպատվաստման համար, որին 100-200 հազար դոլար է պետք։ Սա ազդակ էր, ենթատեքստերով հարուստ և խտացված կոչ խորաթափանց մեծահարուստներին, լրագրողներին, քաղաքացիական, հասարարական ակտիվիստներին և գործիչներին, հատկապես հայրենասիրությունը քելեխային կենացների ժամանակ սեղանակիցներին բացատրող զանգվածներին։ Ինքս էլ լինելով հանրապետության ամենաակտիվ հասարարական նախաձեռնություններից մեկի հիմնադիրը, կոչ եմ անում տարբերել գերառաջնայինը կարևորից և կարևորը երկրորդականից։ Հայաստանում չկա մի ոլորտ, որը խնդիրներ չունենա, չկա մի ոլորտ, որը վերափոխման կարիք չունենա, բայց սա ես ասել եմ երեկ, ասում եմ այսօր և նույնը ասելու եմ վաղը, որ վատառողջ երեխաները և զինվորականները մեր երկրի զգայական գերառաջնային հարցերն են և հենց այդ հարցերը պետք լուծվեն առաջնահերթ։ Ոչ կինոն, որը մենք փորձում ենք վերածնել, ոչ թատրոնը, ոչ գրականությունը, ոչ ճարտարապետությունը, ոչ մաշված դաշնամուրը և ոչ էլ ներքաղաքական ինտրիգները կոպեկի արժեք չունեն, եթե երկրում դեռ կան բազմաթիվ վատառողջ երեխաներ և զինվորականներ։ Կոչ եմ անում հնարավորության դեպքում խոշոր բարեգործությունների ժամանակ առաջնահերթ աջակցել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին, այնուհետև մյուս հիմնադրամներին, ՀԿ-ներին և նախաձեռնվող ծրագրերին։ Սահմանապահ զինվորականները սահմանին պահպանում են մեզ, որ մենք էլ պահպանենք այն ինչը ներկայացնում և ներկայացնելու է մեր երկիրը։ Իսկ երեխաներին փրկելով և պահպանելով պահպանում ենք Աստծո գոյությունը երկրի վրա։ Նրանք են գերառաջնայինը, մնացածը շատ կարևոր են, կարևոր կամ էլ երկրորդական։ Իսկ մեր նախաձեռնությունը համբերատար և կառուցողական շարունակելու է իր պայքարը հանուն Հայֆիլմի, հայ կինոյի և Հայաստանի Հանրապետության»:

Նմանատիպ նյութեր