211652_close_icon
views-count1585 դիտում article-date 12:58 05-03-2019

ՀՀ վարչապետը կարևորում է հարկային օրենսդրության բարեփոխումը ի նպաստ փոքր և միջին բիզնեսի

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական զարգացումների, տնտեսական փոփոխությունների վերաբերյալ հարցադրումներին: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/966380.html]Արմենպրես[/url]»-ը, Հայաստանի վարչապետն ընդգծել է` այս համատեքստում կառավարության գաղափարախոսությունը մնում է նույնը: «Դրա հիմքում մարդկանց քաջալերելն է, որպեսզի նրանք կոնկրետ քայլեր կատարեն իրենց ապագան որոշելու ուղղությամբ: Քաղաքական հեղափոխությունից հետո մենք հորդորում և խրախուսում ենք մարդկանց, որպեսզի նրանք տնտեսական ակտիվ գործունեություն ծավալեն: Հեղափոխությունից առաջ մենք ունեինք մենաշնորհներ և օլիգարխիա, որոնք սահմանափակում էին տնտեսական գործունեության հնարավորությունները մեր երկրում: Հիմա մենք բացում ենք դաշտը՝ հավասար պայմաններ ստեղծելով բոլոր խաղացողների համար»,- ասել է Փաշինյանը: ՀՀ վարչապետը կարևորել է ի նպաստ փոքր և միջին բիզնեսի հարկային օրենսդրության բարեփոխումը: «Եվ մենք փորձելու ենք ստեղծել տնտեսական գործունեության նոր դաշտ՝ միկրոբիզնես, որտեղ մարդիկ ազատ կլինեն հարկերից: Մենք պատրաստվում ենք նաև կատարել օրենսդրական փոփոխություններ ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով: Դրան զուգահեռ զարգացնելու ենք ենթակառուցվածքները, ինչի համար մեզ անհրաժեշտ է տեխնիկական և ֆինանսական օժանդակություն ստանալ նաև Եվրամիությունից: Կրկին անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ մենք պետք է էլ ավելի հզորացնենք ժողովրդավարական ինստիտուտները Հայաստանում: Կցանկանայի հատուկ շեշտել, որ ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունն այլևս անշրջելի են Հայաստանում, և նախկին կոռումպացված համակարգը չի կարող վերադառնալ», - եզրափակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր