211652_close_icon
views-count10568 դիտում article-date 16:18 04-02-2019

ՌԴ-ն և Վրաստանը համաձայնության են եկել Հայաստանի համար կարևոր ցամաքային առևտրային միջանցքներ ձևավորելու հարցում. «Կոմերսանտ»

Մոսկվան ու Թբիլիսին ավարտին են հասցրել Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող այլընտրանքային ցամաքային ճանապարհի գործարկման ուղղությամբ ծավալվող քննարկումները: Կողմերն ամբողջացրել են «Ապրանքների առևտրի մաքսային վարչարարության և մոնիթորինգի մեխանիզմների մասին» համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու ընթացակարգերը: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/963011.html]Արմենպրես[/url]»-ը, այս մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը՝ հղում անելով Ռուսաստանի կառավարությունում իր աղբյուրին: Համաձայնագիրը թույլ է տալիս օգտագործել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներն առևտրի և տարանցման համար: Նշվում է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2011թ. Ժնևում. այն փաստաթղթերի փաթեթի մի մասն է, որով Ռուսաստանն անդամակցել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը: «Ռուսաստանն Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցել է 2012թ., սակայն Վրաստանի հետ համաձայնագիրը, որը ենթադրում է երկու երկրների միջև առևտրային երեք միջանցքի ձևավորում, որոնցից երկուսն անցնելու են Աբխազիայով և Հարավային Օսիայով, այդպես էլ չի աշխատել: Մոսկվայից և Թբիլիսիից 7 տարի է պահանջվել, որպեսզի նախապատրաստվեն դրա իրականացմանը»,- գրում է պարբերականը: Պարբերականի աղբյուրը վստահեցրել է, որ այս պահին համաձայնեցված մեխանիզմների իրականացման համար խոչընդոտներ չկան: Ապրանքների հոսքի մոնիթորինգով և մակնշմամբ զբաղվելու է շվեյցարական Societe Generale de Surveillance ընկերությունը: Նշվում է, որ շվեյցարական ընկերության հետ վրացական կողմը պայմանագիր է կնքել 2017 թվականին, իսկ Ռուսաստանը՝ 2018 թվականին: Ընկերության ներկայացուցիչները պետք է ներկա գտնվեն առևտրային միջանցքներ մտնող և դրանցից դուրս եկող մաքսային տերմինալներում: Միջանցքների հստակ աշխարհագրական կոորդինատները ամրագրված են 2011թ. համաձայնագրում: Պայմանավորվածությունների համաձայն՝ Societe Generale de Surveillance աշխատակիցներն աշխատանքի կանցնեն այն ժամանակ, երբ ՌԴ-ից և Վրաստանից կստանան իրենց աշխատանքի դիմաց տրամադրվող գումարները: Ռուսաստանը վճարումը կատարել է 2018թ. հունիսին, վրացական կողմը՝ անցած տարվա նոյեմբերին: Մոնիթորինգի մեկնարկի վերջնական ժամկետը կողմերը կորոշեն համատեղ կոմիտեի նիստում, որը ստեղծվել է 2011թ. համաձայնագրի համաձայն: Կոմիտեն առաջին նիստը կանցկացնի Շվեյցարիայում, փետրվարի 6-ին: Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն «Կոմերսանտ»-ին հաստատել է, որ համաձայնագրի իրականացման նախապատրաստումն ավարտվել է: «Բավականին երկար ժամանակ պահանջվեց: Դա բացատրվում է նրանով, որ նախագիծը շատ ոչ սովորական է: Այդպիսի նախադեպ ոչ մի տեղ չկա, և ամեն ինչ առաջին անգամ է իրականացվում»,- ասել է Աբաշիձեն: Նա հավելել է, որ վրացական կողմը հույս ունի անցնել փաստաթղթի իրագործմանը: Պարբերականը նաև նշում է, որ համաձայնագրի իրականացման մեկնարկով շահագրգռված է նաև Հայաստանը: Նշվում է, որ Հայաստանի համար Հարավային Օսիայով անցնող միջանցքը դիտարկվում է որպես այլընտրանք Լարսի անցակետին, որը ձմռանը հաճախ է փակվում ձյան պատճառով:

Նմանատիպ նյութեր