211652_close_icon
views-count1400 դիտում article-date 12:08 28-01-2019

Արցախի նախագահը շնորհավորել է Հայրենյաց պաշտպանի օրը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ: ԱՀ նախագահը խաղաղություն, քաջություն ու հաջողություններ է մաղթել հայ ժողովրդին: «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ: Մենք մեծ ոգևորությամբ ենք նշում այս տոնը՝ մեկ անգամ ևս արժևորելով ու կարևորելով հայոց բանակի առանձնահատուկ տեղն ու դերը հայրենիքի և հարազատ ժողովրդի պաշտպանության, տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման, պետության բնականոն կենսագործունեության ապահովման գործում: Փառաբանում ու մեծարում ենք մեր ողջ ժողովրդին, որ իրավամբ հանդիսանում է հայրենյաց պաշտպան, իր հող ու ջրի, իր երկրի ու օջախի պաշտպանը, այն հողի, որտեղ հանգչում են մեր նախնիների մարմինները, որը սրբացել է հարազատ երկրի ազատության ու անկախության համար իրենց կյանքը զոհաբերած մեր հերոս տղաների, քույրերի ու եղբայրների արյամբ: Մենք հպարտանում ենք մեր յուրաքանչյուր զինվորի սխրանքով, քաջությամբ ու խիզախությամբ: Նրանք ամուր կանգնած են սահմանին եւ պատվով են կատարում հայրենյաց պաշտպանի իրենց սուրբ առաքելությունը: Թանկագի՛ն բարեկամներ, Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս այս նվիրական տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք՝ ի փառս մեր հայրենիքի ու ժողովրդի»,- ասված է ԱՀ նախագահի ուղերձում:

Նմանատիպ նյութեր