2811 դիտում
18:50 23-01-2019
Արմեն Գյուլբուդաղյանց. Մենք արժանացանք շատ ջերմ ընդունելության
ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը ներկայացրեց Մադրիդ կատարած ուղևորության մանրամասները.
[b] -Պարոն Գյուլբուդաղյանց, ինչպե՞ս հնարավոր եղավ կազմակերպել այցելությունը Մադրիդ:
[/b]
-Ես դիմեցի ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանին՝ հարցնելով՝ արդյոք հնարավոր է կազմակերպել այս մեկշաբաթյա ուղևորությունը՝ հաշվի առնելով իսպանացի հանրահայտ մասնագետների՝ Խինես Մելենդեսի և Խավիեր Մինյանոյի գործոնը, և կարող եմ ասել, որ, ի պատիվ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, ամեն ինչ կազմակերպվեց շատ արագ և ամենաբարձր մակարդակով: Մենք արժանացանք շատ ջերմ ընդունելության: Մեզ համար շատ օգտակար և ուսանելի փորձ էր:
[b]-Փորձենք առանձին-առանձին անդրադառնալ ձեր այցելություններին, դիտարկումներին և հանդիպումներին: Սկսենք Մադրիդի «Ատլետիկո» կատարած այցելությունից և Դիեգո Սիմեոնեի հետ շփումներից: Ինչպիսի՞ ն են տպավորությունները:
[/b]
-Սկզբից ներկա գտնվեցինք «Ատլետիկոյի» մարզմանը, որից հետո հանդիպեցինք թիմի բժշկի հետ: Այդ պահին իսպանական ակումբի 14 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեին, և մեզ հետաքրքիր էր, թե որն է այդքան շատ վնասվածքների պատճառը: Նա մանրակրկիտ կերպով բացատրեց խնդիրները՝ նշելով վնասվածքների բնույթը, պատմեց վերականգնողական ծրագրերի մասին: Այնուհետև հանդիպեցինք ակումբի ֆիզպատրաստության գլխավոր պատասխանատուի հետ: Նշում եմ գլխավոր, որովհետև նա իր հերթին ուներ ևս 3 օգնական: Վերջում հանդիպեցինք Դիեգո Սիմեոնեի հետ, որը շատ դրական տպավորություն թողեց՝ որպես մարդ և մասնագետ: Նա շատ մեծ պատրաստակամությամբ ընդունեց մեզ և պատասխանեց մեր բոլոր հարցերին: Նա առանձնացրեց հաջողության մի քանի գրավական՝ նշելով, որ իր համար կարևոր է ճիշտ մարդկանց ընտրել որպես առաջատարներ, որպեսզի նրանք կարողանան ակումբի ավանդութներն ու ոգին փոխանցել մյուս ֆուտբոլիստներին: Մյուս կարևոր հանգամանքը, ըստ Սիմեոնեի, նվիրվածությունն ու դաշտում մինչև վերջ կռվելն է: Սիմեոնեի փիլիսոփայությունն է՝ եթե ուզում ես, ուրեմն կարող ես:
[b]-Բոլորը Սիմեոնեի վերաբերյալ ունեն կարծրատիպ, որ նա նախընտրում է պաշտպանողական կոշտ ֆուտբոլ և ունի քարացած մոտեցումներ: Դա իրո՞ք այդպես է, թե՞ դուք Ձեր համար բացահայտեցիք ինչ-որ նոր հետաքրքիր բաներ:
[/b]
-Ինչպես արդեն նշեցի, առաջին հերթին ինձ զարմացրեցին նրա մարդկային որակները: Մինչ նրան հանդիպելը ինձ մոտ էլ կար տպավորություն, որ Սիմեոնեն մի քիչ եսասեր է, բայց ցանկացած հաջողության մասին խոսելիս նա միշտ շեշտում էր ոչ թե իր, այլ իր ֆուտբոլիստների դերը: Նույնիսկ խոսելով մասնակի դեպքերի մասին, օրինակ՝ ինչպես ստացվեց, որ Տորեսը, վերադառնալով «Ատլետիկո», կրկին սկսեց լավ ֆուտբոլ ցուցադրել՝ նա ընդգծում էր, որ ամեն ինչ կախված է ֆուտբոլիստներից, ոչ թե իրենից: Սիմեոնեն նաև հատուկ շեշտեց, որ իր համար ֆուտբոլում գոյություն ունեցող միակ կարևոր բանն արդյունքն է: Նա նշեց, որ ֆուտբոլիստների զարգացումը շատ կարևոր է, բայց ժամանակակից ֆուտբոլում առավել կարևոր է թիմաին ընդհանուր զարգացումը:
[b]-Նույն երեկոյան հանդիպեցիք Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» համար լեգենդար անձանց՝ Վիսենտե Դել Բոսկեին և Ֆերնանդո Յերոյին: Ի՞նչ տվեց Ձեզ այդ հանդիպումը:
[/b]
-Մեզ հետ էր նաև Վիսենտե Դել Բոսկեի երկարամյա օգնական Տոնի Գրանդեն: Այս մարդիկ իրենց կարիերայի ընթացքում նվաճել են հնարավոր ամեն ինչ, սակայն շփման մեջ շատ պարզ ու համեստ էին, պատրաստակամ: Դել Բոսկեն և Յերոն կիսվեցին մեզ հետ ազգային հավաքականը մարզելու հետ կապված նրբություններով: Դել Բոսկեն նաև նշեց, որ իր օգնականի դերն իր ունեցած հաջողություններում շատ մեծ է:
[b]-Հանդիպեցիք նաև լեգենդար Ռաուլի և Ֆերնանդո Մորիենտեսի հետ:
[/b]
-Ռաուլի հետ շփումը շատ հետաքրքիր էր: Նա պատմեց, թե ինչպես է սկսել իր մարզչական կարիերան, պատմեց պատանեկան թիմերի հետ իր աշխատանքի մասին: Ըստ Ռաուլի, ցանկությունը ֆուտբոլում շատ կարևոր է: Կարևոր է նաև չխաբել ինքդ քեզ և անմնացորդ նվիրվել քո սիրած գործին: Մորիենտեսը շատ ուժեղ անձնավորություն է: Եթե հիշենք, կար ժամանակ, որ իրեն Մադրիդում չէին վստահում, բայց նա չհուսահատվեց, տեղափոխվեց «Մոնակո» և հենց ինքն էլ մրցաշարից դուրս թողեց իր նախկին ակումբին: Մորիենտեսը նշեց, որ մարզչական գործի մեջ էլ փորձում է իր ֆուտբոլիստներին ներարկել, որ կամային հատկանիշները շատ կարևոր են ֆուտբոլում:
[b]-Սանտիագո Սոլարիին շատ են քննադատում «Ռեալի» վատ արդյունքների պատճառով: Ինչպիսի՞ն են նրա մարզչական մոտեցումները:
[/b]
-Նախ ասեմ, որ հետևեցինք «Ռեալի» մարզմանը, ծանոթացանք բոլոր ենթակառուցվածքներին, որից հետք տեղի ունցավ հանդիպումը Սոլարիի հետ: Դեռ մինչև հանդիպումը բոլորը գովում էին Սոլարիին, որովհետև նա շատ լավ աշխատանք էր տարել մադրիդյան ակումբի պատանեկան տարբեր տարիքային թիմերում: Ինձ հետաքրքում էր՝ արդյոք այն հանգամանքը, որ մադրիդյան ակումբում սկսել են ավելի շատ երիտասարդ ֆուտբոլիստներ խաղալ պայմանավորված է հենց իր գործոնով, թե՞ կան այլ պատճառներ: Նա նշեց, որ պատճառը վնասվածքներն են, բայց նաև ինքը մեծ ցանկություն ունի ավելի շատ վստահել երիտասարդներին: Սոլարին նշեց, որ անկախ նրանից, որ «Ռեալը» միշտ ձգտում է գեղեցիկ ֆուտբոլ խաղալ, բայց ֆուտբոլում ամենակարևորը արդյունքն է հատկապես այնպիսի թիմի համար, ինչպիսին է «Ռեալը»: Ընդհանրապես, ինչպես Սոլարիի, այնպես էլ Սիմեոնեի դեպքում, կարող եմ ասել, որ իրենց հաջողության գրավականը մանրուքների վրա ուշադրություն դարձնելն է՝ սկսած ֆուտբոլիստների հետ առանձնազրույցներից, վերջացրած կապող օղակներին իրար մոտ խաղացնելուց:
[b]-Ներկա գտնվեցիք նաև «Լեգանես» թիմի մարզմանը: Գրանդ ակումբների ֆոնի վրա ի՞նչ տպավորություն թողեցին այդ թիմի մարզումները և ենթակառուցվածքները:
[/b]
-Ինչպես գիտեք, վերջերս «Փյունիկը» համագործակցության պայմանագիր է ստորագրել այդ թիմի հետ, և այդ առումով ինձ հետաքրքիր էր մոտիկից ծանոթանալ նաև այս թիմի հետ: Մինչ այդ մենք միայն թոփ ակումբներ էինք այցելել և համեմատության համար շատ կարևոր էր տեսնել նաև, թե ինչպես են կազմակերպվում տարբեր գործնթացները միջին մակարդակի ակումբում: Շատ համեստ ենթակառուցվածքներ ունեին, բայց կազմակերպվածությունը շատ մակարդակի էր: Հանդիպեցինք նաև թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսո Պելեգրինիի հետ, ով մեզ հետ նույնիսկ կիսվեց «Բարսելոնայի» հետ խաղի իր նախապատրաստական ծրագրերով, հնարավորություն ընձեռեց հետևել նախախաղային հիմնական մարզմանը:
[b]-Ամբողջ ընթացքում ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը և ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն ուղեկցում էին ձեզ: Ի՞նչպիսին էր իսպանացիների վերաբերմունքն այս մասնագետների նկատմամբ:
[/b]
-Երկուսն էլ շատ ճանաչված և հարգված մասնագետներ են Իսպանիայում և մեծ հեղինակություն են վայելում: Հենց նրանց գործոնով պայմանավորված՝ մեզ ամենուրեք շատ ջերմ ընդունելություն էին ցուցաբերում:
[b]-Եթե փորձենք ամփոփել ուղևորությունը, կարո՞ղ եք նշել մի քանի հիմնական ուղղություն, որոնց վրա հիմնվում է իսպանական ֆուտբոլը և որոնք կարող են կիրառելի լինեն նաև մեր ֆուտբոլում
[/b]
-Կարող եմ առանձնացնել 3 հիմնական մտայնություն, որոնցով առաջնորդվում են իրենք և պետք է փոխառենք մենք: Անկախ ցուցադրած խաղից՝ ֆուտբոլում ամենակարևորն արդյունքն է, ֆուտբոլում շատ մեծ դեր ունի կազմակերպվածությունը ինչպես խաղադաշտում, այնպես էլ խաղադաշտից դուրս, և, իհարկե, հոգեբանական գործոնը, ավելի կոնկրետ՝ մենտալ ուժը, ցանկությունը, նվիրվածությունը:
Նմանատիպ նյութեր
13522 դիտում
23:47 13-10-2018
Արմեն Գյուլբուդաղյանց. Մյուս հանդիպումներում ավելի լավ կխաղանք, ավելի շատ պահեր կստեղծենք ու կհաղթենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3531 դիտում
20:56 02-12-2018
Արմեն Գյուլբուդաղյանց. Շատ հետաքրքիր խումբ է
2426 դիտում
13:22 12-06-2019
Արմեն Գյուլբուդաղյանց. Շատ դժվարին հաղթանակ տարանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1276 դիտում
18:28 19-11-2024
FIFA-ն պատժել է թուրքական ակումբին
1306 դիտում
12:59 19-11-2024
Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին
1552 դիտում
12:35 19-11-2024
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը