ՀԱՊԿ անդամ երկրի տարածքում այլ կոնտինգենտի տեղակայման հարցը պետք է քննարկվի. ՌԴ դեսպան
Եթե ՀԱՊԿ որեւէ անդամ երկրի տարածքում նախատեսվում է օտարերկրյա ռազմական կոնտինգենտ տեղայակել, ապա այդ հարցը պետք է մանրամասն քննարկվի տվյալ Կազմակերպության մյուս անդամ պետությունների հետ:
Դեկտեմբերի 18-ին Երեւանում՝ մամուլի ասուլիսում, այս մասին հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով հանրապետության տարածքում օտարերկրյա կոնտինգենտի, բացառությամբ ռուսականի, տեղակայման արգելքի մասին պատրաստված համաձայնագրի վերաբերյալ հարցին:
Դեսպանի հավաստմամբ՝ այս կազմակերպության անդամ երկրների միջեւ տվյալ հարցի վերաբերյալ հատուկ ըմբռնում եւ համերաշխություն կա:
«Ոչ ոք ոչ ոքի ոչինչ չի արգելում: Խոսքը երկու ինքնիշխան եւ իրավահավասար պետությունների մասին է: Եվ երկու երկրների միջեւ հարաբերությունները բոլոր ուղղություններով հենց այս կերպ են կառուցվում», - հավելեց Կոպիրկինը: