211652_close_icon
views-count1819 դիտում article-date 19:05 14-12-2018

ԵՊՀ-ում նշվել է բարերար Մկրտիչ Սանասարյանի 200-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ Մկրտիչ Սանասարյանի ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառում: Միջոցառումը կազմակերպել էր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնը, որին ներկա էին Արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալ. Սաֆարյանը, Գագիկ Ղարաջյանը, ինչպես նաև ՀՀ սփյուռքի նախարարությունից ներկայացուցիչներ, ուսանողներ: Մկրտիչ Սանասարյանը մեծապես օժանդակել է Կովկասի հայ ուսանողներին, կրթաթոշակ տրամադրել, կրթությունը շարունակելու համար արտասահման ուղարկել։ Նրա և Կարապետ Երզնկյանի ջանքերով է հիմնադրվել Կարինի Սանասարյան վարժարանը, վերաշինվել Վանի Սանդխտյան իգական վարժարանը, որը Սանասարյանի մոր անունով կոչվում է «Սանդխտյան Մարիամյան» վարժարան: Մկրտիչ Սանասարյանի աջակցությամբ դպրոցներ են բացվել Վանի գավառի Խառակոնիս,Նուխիի գավառի Նիժ և Վարդաշեն գյուղերում։ Մեծ բարերարը նյութապես աջակցել է Գևորգյան ճեմարանին, բարեգործական տարբեր կազմակերպությունների, մշակութային հաստատությունների։ Մկրտիչ Սանասարյանն իր ողջ հարստությունը կտակել է հայոց դպրոցներին: Մրջոցառման ընթացքում դասախոսություն կարդաց Գագիկ Ղարաջյանը, որը ներկաներին մանրամասնորեն տեղեկացրեց հայազգի մեծանուն գործչի, նրա կատարած բարեգործությունների ու հատկապես Սանասարյան վարժարանի մասին։ Գ. Ղարաջյանը նշեց՝ թեև Մկրտիչ Սանասարյանի վաստակն անգնահատելի է, սակայն մինչ այսօր չկա բավարար տեղեկատվություն նրա մասին. «Անհայտ են թե՛ նրա ծննդավայրը, թե՛ մահվան պատճառները, թե՛ գերեզմանի տեղը»։ Բանախոսն ասաց, որ արդարացի կլիներ, եթե հայությունն իր առջև երկու խնդիր դներ՝ ծանոթացնել հանրությանն այս փայլուն անձնավորության հետ և համարժեք պատասխան տալ Կարինի Սանասարյան վարժարանի սաներին սպանած, վարժարանն իրենցը դարձրած թուրքերին՝ նոր, ավելի լավ, նույնանուն կրթահամալիր հիմնելով։ Պարոն Ղարաջյանն ուսանողներին առաջարկեց գիտական թեմա դարձնել Մկրտիչ Սանասարյանի կյանքն ու գործունեությունը, քանի որ նրա անձի հետ կապված բազմաթիվ բացեր կան։ Բանախոսը պատրաստակամություն հայտնեց ամեն հարցում օգնել վերջիններիս ու տրամադրել այն բոլոր նյութերը, որոնք առկա են իր ձեռքի տակ։ Իսկ Թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալ. Սաֆարյանը ներկաների անունից շնորհակալություն հայտնեց Գագիկ Ղարաջյանին իր կատարած աշխատանքի և բովանդակալից դասախոսության համար։ Նա վստահեցրեց, որ Երևանի պետական համալսարանը պատրաստ է Մկրտիչ Սանասարյանի վաստակը լուսաբանելու հարցում աջակցել Գագիկ Ղարաջյանին՝ տրամադրելով թե՛ համալսարանի արխիվներն ու իրենց գիտելիքները, թե՛ ստանձնելով նրա գիտական հոդվածների տպագրության գործը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր