Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը կապված չէ ընտրությունների հետ, քրգործը վաղուց էր սկսվել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը կապված չէ ընտրությունների հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանը, ով քիչ առաջ կատարեց իր քաղաքացիական պարտքը:
«Այդ քրեական գործը սկսվել է վաղուց, այն կապված չէ ընտրությունների հետ: Գործընթացը սկսվել է դեռ 5 ամիս առաջ»,- նշեց Ն. Փաշինյանը:
Խոսելով Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին, թե մարտի 1-ի իրադարձությունների մեղավորը Ն. Փաշինյանն է՝ նա պատասխանեց. «Նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ կայացրած դատավճռով իմ վրա արյան մեղադրանք չի եղել: ՄԻԵԴ-ը սկսել է «Մարտի 1»-ի գործով որոշումների հրապարակումը, որոնք իրենց մասին խոսում են, ցույց են տալիս, որ մարտի 1-ի իրադարձությունների՝ նախորդ իշխանության վարկածը սկզբից մինչև վերջ շինծու է»:
Փաշինյանը նշեց, որ Հայաստանի 10 քաղաքացի սպանվել է, ապացույցները կեղծվել են, բանակը ներգրավվել է ապօրինի կերպով ներքաղաքական պրոցեսների մեջ: