211652_close_icon
views-count2635 դիտում article-date 23:28 29-11-2018

Զարգացման ֆրանսիական գործակալության հետ քննարկվել է ոռոգվող գյուղատնտեսության զարգացման ծրագիրը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր Ոռոգվող գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակում տեխնիկական աջակցության հնարավորությունները գնահատելու նպատակով Հայաստան ժամանած փորձագետ Անտուան Լուրին: Հանդիպմանը ներկա էր նաև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեորգի Խաչատրյանը: Ծրագիրն իրականացվելու է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից Զարգացման ֆրանսիական գործակալության աջակցությամբ՝ նպատակն ունենալով տեխնիկական աջակցության և ներդրումների միջոցով զարգացնել ինտենսիվ գյուղատնտեսությունը և ներդնել ոռոգման ժամանակակից համակարգեր: Կարևոր բաղադրիչներից են հողերի կոնսոլիդացումը և 20 կոոպերատիվների ստեղծումը` յուրաքանչյուրը շուրջ 100 հեկտար տարածքով: Բարձր գնահատելով ֆրանսիական փորձի կիրառումը ծրագրի մշակման և իրականացման գործում` Գեղամ Գևորգյանն առաջարկել է հնարավորինս սեղմ ժամկետներում կնքել դրա իրականացման վերաբերյալ համապատասխան համաձայնագիրը և աստիճանաբար անցնել գործնական քայլերի: Նկատի ունենալով Ֆրանսիայի վարկանիշն ու համբավը խաղողագործության և գինեգործության ոլորտներում` Գեղամ Գևորգյանը կարևորել է նաև ֆրանսիացի փորձագետների աջակցությունն աշխարհագրական նշումով գինիների համակարգի ներդրման հարցում: Առանձին անդրադարձ է կատարվել հայկական գյուղատնտեսական արտադրանքի բրենդավորման և գյուղատնտեսական կրթության բնագավառում փոխգործակցության հնարավորությանը: [b] ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր