1905 դիտում
12:55 24-10-2018
Զարգացման ֆրանսիական գործակալության հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող համատեղ ծրագրերը
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին, Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Հարավային Կովկասի հարցերով գրասենյակի տնօրեն Գայել Ասայագին, ինչպես նաև գյուղի և գյուղատնտեսության զարգացման գծով ծրագրի ղեկավար Ալեքսիա Հոֆմանին։
Ողջունելով հյուրերին` նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նշել է, որ Զարգացման ֆրանսիական գործակալության հետ ձևավորվել է երկկողմանի համապարփակ համագործակցություն: Այնուհետև նախարարի պաշտոնակատարը հյուրերին համառոտ ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտի զարգացման տեսլականն ու նոր մոտեցումները, պետության կողմից իրականացվող ագրարային քաղաքականության թիրախային ուղղությունները:
Գեղամ Գևորգյանը, մասնավորապես, կարևորել է բարձրարժեք գյուղմթերքի արտադրության կազմակերպումը, ինտենսիվ այգիների հիմնումը, ոռոգման և հակակարկտային նորագույն համակարգերի ներդրումը, անասնապահության ոլորտում գյուղատնտեսական կենդանիների համարակալումը, տեղական գինեգործական արտադրանքի իրացման շուկաների ընդլայնումը:
Կարևորելով հայ-ֆրանսիական փոխգործակցությունը գյուղատնտեսության ոլորտում` դեսպանը շնորհավորել է նախարարին պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք:
Այնուհետև նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է Զարգացման ֆրանսիական գործակալության աջակցությամբ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից առաջիկայում մեկնարկելիք «Ոռոգելի գյուղատնտեսությունը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում» դրամաշնորհային ծրագրին:
Ծրագրի նպատակն է տեխնիկական աջակցության և ներդրումների միջոցով զարգացնել ինտենսիվ գյուղատնտեսություն, ներդնել արդի ոռոգման համակարգեր՝ վերացնելով ջրի պահպանման, ոռոգման ենթակառուցվածքների, ծառայությունների ու վարկերի մատչելիության հետ կապված խոչընդոտները:
Հույս հայտնելով, որ այս ծրագիրը կարող է դրական նախադեպ դառնալ ոլորտում նմանատիպ այլ ծրագրերի իրականացման համար` նախարարի պաշոտանակատար Գեղամ Գևորգյանն առաջարկել է հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտել նախապատրաստական աշխատանքները և անցնել գործնական քայլերի: ԶՖԳ Հարավային Կովկասի հարցերով գրասենյակի տնօրեն Գայել Ասայագն իր հերթին հույս է հայտնել, որ այն կունենա բարեհաջող ընթացք:
Կարևորելով ֆրանսիական փորձը գյուղատնտեսական կրթության բնագավառում` նախարարի պաշտոնակատարն առաջարկել է ուսումնասիրել գյուղատնտեսական կրթական քոլեջների ստեղծմանն օժանդակելու հարցը, ինչը հնարավորություն կտա ագրարային ոլորտն ապահովել ժամանակակից գիտելիքներով օժտված բարձրակարգ մասնագետներով: Ի պատասխան հնչած առաջարկի` Ջոնաթան Լաքոտը նշել է, որ համատեղ կրթական ծրագրերի իրականացումը կարող է հետաքրքրել ֆրանսիացի մասնագետներին և լինել երկուստեք շահավետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև խաղողագործության և գինեգործության ճյուղերում արտադրության վերահսկողության համատեղ մեխանիզմների մշակման և կիրառման հնարավորությունը:
Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության ոլորտի ընթացիկ և նախատեսվող մի շարք այլ ծրագրերի:
Նմանատիպ նյութեր
2635 դիտում
23:28 29-11-2018
Զարգացման ֆրանսիական գործակալության հետ քննարկվել է ոռոգվող գյուղատնտեսության զարգացման ծրագիրը
4634 դիտում
18:11 11-10-2017
ՀՀ գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում ընթացիկ և նախատեսվող ծրագրերը
2407 դիտում
16:09 01-12-2018
Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի հետ քննարկվել են ընթացիկ և առաջիկայում նախատեսվող ծրագրերը