211652_close_icon
views-count1109 դիտում article-date 23:07 28-11-2018

Քաղաքի փողոցային լույսերը ցերեկը վառվում են նորոգման աշխատանքներ կատարելու նպատակով

Մայրաքաղաքի փողոցներում ցերեկվա ժամերին վառվող լուսատուներ տեսնելիս մի շտապեք եզրակացնել, թե պատասանատուները մոռացել են անջատել կամ ժամանակից շուտ են միացրել դրանք: Իրականում խնդիրը տեխնիկական է: Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության «Կենտրոն» տարածքային շահագործման շրջանի պետ Կարեն Մուրադյանի խոսքով՝ արտաքին լուսավորության ցանցում վերանորոգման աշխատանքները կատարվում են ցերեկային ժամերին, որպեսզի արդեն երեկոյան լուսավորությունը լինի անխափան: Բացի այդ, այս կերպ ապահովվում է նաև աշխատակիցների անվտանգությունը, ովքեր գործ ունեն էլեկտրականության հետ: Արտաքին լուսավորության համակարգում առկա տեխնիկական խնդիրների մասին ընկերությունը տեղեկանում է նաև թեժ գծի միջոցով: Շուրջօրյա գործող 010 56-27-56, 011 51-44-44 հեռախոսահամարները հասանելի են բոլորին՝ օրվա ցանկացած ժամի: Մութն ընկնելուն պես մայրաքաղաքը լուսավորում է շուրջ 64 000 լապտեր և գեղարվեստական լուսավորության ավելի քան 5000 լուսակետ: «Երքաղլույս»-ի աշխատակիցներին է վստահված նաև Երևանի փողոցների տոնական օդային լուսավորության ապահովումը: Նշենք նաև, որ Ամանորին ընդառաջ աշխատանքներն արդեն մեկնարկել են:

Նմանատիպ նյութեր