211652_close_icon
views-count2236 դիտում article-date 16:10 28-11-2018

Դավիթ Շահնազարյանի՝ Տիգրան Ավինյանին ուղղված մեղադրանքներն աղերս չունեն ճշմարտության հետ. Արարատ Միրզոյան

Հանրապետական կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանի՝ Տիգրան Ավինյանին ուղղված մեղադրանքները ճշմարտության հետ աղերս չունեն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։ Հիշցննք, որ Դ. Շահնազարյանն ասել էր, թե Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի ազատվել կոռուպցիայից, քանի դեռ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը չի հայտնվել բանտախցում՝ նկատի ունենալով այն, որ Ավինյանի գործարանը դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից: Նշենք, որ ավելի ուշ Տ. Ավինյանը հայտնել էր, որ այդ դրամաշնորհը ստացել է նախքան իր պաշտոնավարումը: Այդ ծրագրին իրենց ընկերությունը դիմել էր դեռ փետրվար ամսին: «Ես, անկեղծ ասած, մեծ տարակուսանք ապրեցի, երբ իմացա, որ Դավիթ Շահնազարյանը Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում է: Եվ հիմա էլ տարակուսում եմ՝ տեսնելով, թե ինչպիսի ջերմեռանդությամբ է երբեմնի ընդդիմադիր դրոշ ծածանած մարդը ստանձնել հանցագործ ռեժիմի փաստաբանի դերը: Կարծում եմ՝ ակնհայտ է, որ Դավիթ Շահնազարյանի արդեն որերորդ ձևակերպումը ճշմարտության հետ աղերս չունի»,-ասաց Միրզոյանը: Նրա կարծիքով՝ Շահնազարյանը գիտակցաբար սխալ կողմն է պաշտպանում:

Նմանատիպ նյութեր