211652_close_icon
views-count2515 դիտում article-date 13:12 28-11-2018

«Վեոլիա ջուր» ընկերությունը հետաձգել է 2019թ. խմելու ջրի սակագնի բարձրացման կիրառումը. էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հայտարարությունը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքերի և բնական պաշարերի նախարարությունը հայտարարություն է տարածել «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների 2019թ. նախատեսվող սակագնի բարձրացումը չկիրառելու վերաբերյալ: Ներկայացնում ենք նախարարության տարածած հայտարարությունը. «Համաձայն Վարձակալության պայմանագրի և ՀՀ ՀԾԿՀ-ի կողմից «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին տրամադրված թիվ ԼՋ 0001 Լիցենզիայի` յուրաքանչյուր տարի նախատեսվում է Ընկերության կողմից բաժանորդներին մատուցվող խմելու ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների, այդ թվում` մանրածախ սակագների վերանայում (ճշգրտում): Գործող օրենսդրության պահանջներին համապատասխան` «Վեոլիա Ջուր» ընկերությունը սույն թվականի օգոստոսին ՀՀ ՀԾԿՀ-ին ներկայացրել էր սակագները վերանայելու (ճշգրտելու) հայտ 2019թ. համար: Այն նախատեսում էր մոտ 14 ՀՀ դրամով գործող սակագնի բարձրացում 1/խմ ջրի համար, ներառյալ ԱԱՀ-ն: Ս.թ. նոյեմբերի 19-ին ՀՀ ՀԾԿՀ-ում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ տեղի ունեցավ 2019թ. հայտի աշխատանքային քննարկում: Դրա արդյունքներով, հաշվի առնելով հայտի շրջանակներում իրականացված մանրածախ ջրամատակարարման ծավալների մոնիթորինգի տվյալները, որոշվեց ՀՀ ՀԾԿՀ-ի հանձնաժողովի նիստի հաստատմանը ներկայացնել «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող խմելու ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների գումարային մանրածախ սակագինը 202,272 դրամ/խմ՝ ներառյալ ԱԱՀ-ն, սահմանելու վերաբերյալ նախագիծ, ինչը 10,858 դրամով ավել է 2018թ. գործող սակագնից։ Բաժանորդների սոցիալական բեռը թեթևացնելու համար ՀՀ ԷԵԲՊՆ-ն դիմել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը` Վարձակալության պայմանագրի ու Լիցենզիայի պահանջներից բխող սակագնի բարձրացումը բաժանորդների նկատմամբ չկիրառելու հնարավորության շուրջ բանակցելու նպատակով՝ առաջարկելով այլընտրանքային ֆինանսավորման եղանակ։ Նպատակ ունենալով նվազեցնել սպառողների սոցիալական բեռը` «Վեոլիա ջուր» ընկերությունն ընդունում է ներկայացված առաջարկը և հետաձգում է 2019թ. համար մատուցվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների գումարային մանրածախ սակագնի օրինական բարձրացման կիրառումը: ՀՀ ԷԵԲՊՆ առաջարկի ընդունումը հանդիսանում է իր բաժանորդների նկատմամբ «Վեոլիա Ջուր» ընկերության ուշադիր և հոգատար վերաբերմունքի ևս մեկ վկայություն։ Իր հերթին ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային կոմիտեն համաձայնում է դրանով պայմանավորված «Վեոլիա ջուր» ընկերության եկամտի կորստի չափով վերջինիս 2019թ․ներդրումային պարտավորությունները նվազեցնել և հետաձգել, իսկ այդ ընթացքում համակարգում նախատեսված ներդրումներն իրականացնել Ջրային կոմիտեին ծրագրերի իրականացման համար տրամադրված վարկային միջոցների խնայողություններից: Սույն համաձայնագիրը վկայում է ֆրանսիական «Վեոլիա Գրուպ» ընկերության և Հայաստանի Հանրապետության միջև ձևավորված փոխվստահության ամրապնդման և դրական ու հավասարակշիռ գործընկերական հարաբերությունների մասին»:

Նմանատիպ նյութեր