211652_close_icon
views-count19498 դիտում article-date 10:40 08-11-2018

Ուշադիր հետևում եմ Արա Մինասյանի կյանքի դրամային ու իրեն հաստատակամություն եմ ցանկանում. չի կարող էսպես մնալ. Աշոտ Բլեյան

Պետական, հասարակական գործիչ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն իր բլոգում գրում է, որ «ինքն ուշադիր հետևում է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանի կյանքի դրամային, դրա զարգացմանը, հանգուցալուծմանը»։ Բլեյանն ընդգծում է, որ Արա Մինասյանին ճանաչում է շատ վաղուց՝ դեռ ուսանողական տարիներից։ «Մարդուն կյանքով են ճանաչում և աղուհացով, որ համատեղ ապրած կյանքն է՝ իր կապերով սիրո և համերաշխության արարողը»,– գրում է Բլեյանը։ Աշոտ Բլեյանի գրառման այդ հատվածը ներկայացնում ենք ստորև. «Ես ուշադիր հետևում եմ Արա Մինասյանի կյանքի քրեականացման դրամային, դրա զարգացմանը, հանգուցալուծմանը. ով-ով՝ ես գիտեմ, թե ինչ անիծված բան է խոշոր-հայտնի պետական կազմակերպության ղեկավարումը, իր դեպքում՝ բուժկենտրոնի, իմ դեպքում՝ կրթական կենտրոնի, մեր ծնած-պահած, հարափոփոխ հանրապետության երեսուն տարվա ժամանակում, իր վայրիվերումներով, բեկումներով, թռիչքներով, գահավիժումներով, դավաճանություններով, սրբերի-աստվածների տեղափոխումներով․․․ Ուշադիր հետևում եմ Արայի կյանքի դրամային ու նրան հաստատակամություն եմ ցանկանում․․․ Էսպես չի մնա, չի կարող էսպես մնալ․․․ Թումանյան Հովհաննեսի իմաստությունը չի լքի մեզ․․․ Ես սարսափել եմ միշտ անաստվածների, անաղուհացների, դասընկեր ու գործընկեր, հարազատներ չունեցողների կուսակցականացումից պետական իշխանության մեջ․․․ Ես գիտեմ՝ մարդուն կյանքով են ճանաչում… Արայի հետ մի կյանք եմ ապրել՝ իր շրջաններով, կոմսոմոլի՝ միակ երիտասարդական կազմակերպության, 1972-1977 թթ, ուսանողական շինարարական ջոկատներում, ես՝ պետական համալսարանից, ինքը՝ բժշկական ինստիտուտից, 1990-1991 թթ Երևանի քաղաքապետարանում աշխատանքով՝ որպես առողջապահության և կրթական ոլորտների ղեկավար-գործընկերներ, հետո բուժկենտրոն-կրթական կենտրոնի ղեկավարներ, հանուն հիվանդ մարդուն բժշկելու՝ մարմինն ու հոգին․․․Մինչև հայտնի միջազգայնագետ-հրապարակախոս՝ Տիգրան Հայրապետյանի միայնակ-հաշմանդամ մորը խնամելը հիվանդանոցում… Տիգրանի մայրիկի աղոթքն եմ փոխանցում, հիվանդանոցում գտնվելու այդ օրերի նրա արցունքները, նրա հուզված պատումն այն մասին, թե ինչպես է ամբողջ հսկա կազմակերպությունը՝ շփոթված, արցունքախառը, հետևում իրեն… Հերթական կոռուպցիան, հա՞, և իմ՝ հանրային գործչի պարտադրած, բազում օգնության կարոտ, անպաշտպան ուսուցիչների, այո՛, հարազատների, ծանոթների․․․ առանց որևէ շահի, ի՞նչ շահ, բացի հանրային-մարդկայինը։ Մարդուն կյանքով են ճանաչում և աղուհացով, որ համատեղ ապրած կյանքն է՝ իր կապերով սիրո և համերաշխության արարողը։ Գումարած օրինականությունը․․․ որ ճանապարհ է, լսո՞ւմ եք, կատարելության, որպես քրիստոնյա մարդ, հավատով Հիսուսի, թե հանրային կյանքի ավանդույթով փոխանցած բարոյականության՝ մեղքերի շարունակական քավումով․․․ Հո մենակ դատարանը չէ՞, խորհրդային շրջանում ամենաշատը փչացած իրավապահ անվանվող համակարգը՝ իր ոստիկանով, ամեն տեսակի դատախազով, դատապաշտպանով, դատարանով, քննիչով․․․ Հայրս «օրգան» էր ասում. – Օրգանի հետ գործ չունես, շա՛ն տղա։ Թշնամությունը փոխանցվող ա, հասկացեք իրար, ներել կարողացիր… Մոռացիր, որ լավություն ես արել, արա, գցի ջուրը․ ձուկը որ չիմանա, ջուրը հո կիմանա․․․ Օրգանը այդքան շուտ փոխվե՞ց, հա։ Ո՞նց կփոխվի։ Ավելին՝ ամենավերջում կփոխվի, ողջ հասարակակության ազդեցությամբ, վերահսկողությամբ։ Ինչպես հայտնի իրավաբան Վահե Գրիգորյանն է ասում՝ պետք կլինի պաշտպանել դատավորներին, բայց դրան հասարակությունը պիտի գա… Թե չէ էնպիսի գործ կփչեն, որ վատնումը, անփութությունը (եթե կան), կդառնան հափշտակում-յուրացում։ Մինչև ո՞ւր ենք գնալու՝ արմատախիլ անելով կոռուպցիան, մինչև 1990 թի՞վը։ Որտե՞ղ եք կանգնելու։ Կոռուպցիոն կյանքը մեր ո՞վ է տվել՝ Տեր-Պետրոսյա՞նը, Սե՞րժը Սարգսյան, Ռոբե՞րտը Քոչարյան․․․ Ինձ համար 2018-ի ապրիլյան քայլքը՝ «Քայլ արա և միացիր»-ը, կատարելության ուղին անդավաճան բռնածների երթ է՝ սիրով և համերաշխությամբ, միասին, կյանքը նորոգելու-ապրելու ուխտի 1990-ից… Մեր երկրի ամենադրամատիկ մի շրջանում այդպիսի մի բանավոր ուխտ-հարազատության հաստատվեց Երրորդ Հանրապետության քաղաքացիների հետ… Դիմացա՞վ այդ ուխտը-պայմանագիրը ժամանակի փորձությանը։ Վտանգի տակ է սերունդների համերաշխությունը, և հիմա իրար հետ ապրող երեք սերունդների միջև կապի-համակեցության հաստատումն է խնդիրը՝ որպես նորոգված հանրային կյանք։ Այս օտարումը միմյանցից ո՞ւր է տանում։ Սիրելի՛ «Քաղաքացիական պայմանագիր», վարչապետ Փաշինյան ու բազում կրտսեր բարեկամներ, որ համատեղ կյանքը, աղուհացը, հարազատի նկատմամբ պատասխանատվությունը հանենք, դժվարությունները, որ միասին ապրել ենք, ճանապարհ անցել… ի՞նչ կմնա… Սարոյան եղբայրների դրամա… Սա եմ ես անվանում անաստվածություն, որից միշտ վախեցել եմ… Բոլորս փոխվելու խնդիր ունենք և իրար օգնելու մարդկային-հանրային-քաղաքացիական-քրիստոնեական մի պայմանագիր․․․ Ընդունակներն ու առաջնորդները գնում են առջևից՝ դառնալով այսպիսի պայմանավորվածության երաշխավորը․․․ Հանրային կյանքի բարելավումով պիտի զբաղվենք, տնտեսական կյանքի աշխուժությամբ, որ տասնյակ ու տասնյակ ուսուցիչներ ու բժիշկների համար շոշափելի լինի…»։

Նմանատիպ նյութեր