211652_close_icon
views-count48140 դիտում article-date 21:04 15-10-2018

Չեչնիայի նախագահ Քադիրովը Փաշինյանի ու Մակրոնի պարից հետո պարի մարաթոն սկսելու կոչ է արել քաղաքական գործիչներին

Չեչնիայի Ինքնավար Հանրապետության նախագահ Ռամզան Քադիրովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պարը տեսնելուց հետո քաղաքական գործիչներին պարի մարաթոն սկսելու կոչ է արել: Քադիրովն առաջարկել է քաղաքական գործիչներին համացանցում կովկասյան պարեր հեշթեգով հրապարակել իրենց պարերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Չեչնիայի ղեկավարի «Տելեգրամ»-ի ալիքի հրապարակումը: ««Փաշինյան-Մակրոն» պարը կարող է հիանալի, բարի և բոլոր կովկասյան ժողովուրդներին օգտակար պարային մարաթոնի սկիզբ ազդարարել: Կարծում եմ, որ նախաձեռնությանը կաջակցեն ճանաչված քաղաքական ու հասարակական գործիչները: Յուրաքանչյուր քաղաքական գործչի և ղեկավարի խնդրում եմ հրապարակել իրենց պարերը #кавказскиетанцы #CaucasusDances #DancesOfTheCaucasus հեշթեգերով»,- «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Քադիրովը: Նրա խոսքով` լեզուն ու պարը ազգի պահպանման համար կարևորագույն անհրաժեշտություններից են: «Եթե խոսենք Կովկասի մասին, ապա պարերը միավորում ու համախմբում են մեր ազգերը: Այս մասին ես միշտ եմ հիշում»,- նշել է նա՝ ընդգծելով, որ Փաշինյանն ու Մակրոնը համերաշխ և տակտով պարում են կովկասյան պարերից մեկը: Քադիրովը խոստովանել է նաև, որ ազգային պարերի մեծ սիրահար է: «Ցանկացած հարմար առիթով մտնում եմ շրջան: Նորարարություններ եմ անում, քանի որ շատ եմ սիրում, երբ պարողն, ով խիստ հետևում է ազգային պարի տարրերին, ունի իր ինքնուրույնությունը»,- ասել է նա: Չեչնիայի ղեկավարը նաև հաղորդել է, որ երկուշաբթի օրը Գրոզնիում բացվում է Մահմուդ Էսամբաևի անվան պարերի միջազգային փառատոնը: Նա նշել է, որ տարածաշրջանում հարգարժան հյուրերի մասնակցությամբ նաև այլ մշակութային միջոցառումներ են տեղի ունենում: Քադիրովն այդպիսի միջոցառումներից մեկին հրավիրել է նաև Փաշինյանին ու Մակրոնին: Համացանցում լայն տարածում էր ստացել տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, նրա կինը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանն ու նրա ամուսինը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և մյուս երկրների ներկայացուցիչները պարում հայկական երաժշտության ներքո՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից տրված պետական ընթրիքի ընթացքում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր