2191 դիտում
15:09 10-10-2018
Հայաստանի Հանրապետությունը լիարժեք պատրաստ է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին
Այսօր Կառավարության հերթական նիստում, նախքան օրակարգային հարցերի քննակումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում կնշանակվի այժմ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Գաբրիել Ղազարյանը:
«Ցանկանում եմ ողջունել նորանշանակ նախարարներին՝ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին և Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանին: Հարգելի պարոնայք, հաջողություններ եմ մաղթում ձեզ: Ուզում եմ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել Գաբրիել Ղազարյանին Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակելու մասին: Համապատասխան միջնորդություն եմ ներկայացրել հանրապետության նախագահին՝ նրան նախարար նշանակելու վերաբերյալ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ առաջիկայում կլինեն նաև մյուս նշանակումները:
Գործադիրի որոշմամբ հոկտեմբերի 11-ի և 12-ի աշխատանքային օրերը կտեղափոխվեն, համապատասխանաբար, հոկտեմբերի 27-ը և նոյեմբերի 3-ը` շաբաթ օրերը: Աշխատանքային օրերի տեղափոխելը պայմանավորված է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի ընթացքում Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությամբ:
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը տեղեկատվություն է ներկայացրել, թե Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում մայրաքաղաքի որ փողոցներն են փակ լինելու երթևեկության համար:
Վարչապետը ներողություն է խնդրել հայրենակիցներից պատճառված անհանգստության համար և հորդորել այդ օրերին հնարավորության սահմաններում ավելի քիչ ավտոմեքենայով երթևեկել և օգտվել մետրոպոլիտենից: Դիմելով Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այդ կապակցությամբ անհրաժեշտ է տալ կոնկրետ հանձնարարական՝ այդ օրերին մարդկային մեծ հոսքը հավուր պատշաճի սպասարկելու համար:
«Բազմիցս արձանագրվել է, որ սա մեր երկրի Երրորդ հանրապետության պատմության համար աննախադեպ մասշտաբային իրադարձություն է և առանձնահատուկ կարևորություն ունի: Մենք պետք է բարձր մակարդակով անցկացնենք այս միջոցառումը»,-ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել նաև, որ մեր հայրենակիցները լավ կընդունեն և անհրաժեշտության դեպքում կաջակցեն աշխարհի տարբեր երկրներից ժամանած հազարավոր հյուրերին:
Վարչապետը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ձեռնարկել անհրաժեշտ քայլերը՝ մայրաքաղաքում անվտանգության մակարդակը բարձր պահելու համար և արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը լիարժեք պատրաստ է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին:
Նմանատիպ նյութեր
4620 դիտում
14:09 11-09-2018
Վրաստանի նախագահը Երևանում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին
Այս բաժնից
2794 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10510 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am