Վրաստանի նախագահը Երևանում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին
Վրաստանի պատվիրակությունը՝ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի գլխավորությամբ կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 11-12-ը:
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Գագաթաժողովին կմասնակցի մոտ 5000 հյուր՝ 84 երկրի և 20 միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ: Հյուրերի թվում կլինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, նշում է «Sputnik Georgia»-ն:
«Վրաստանի նախագահը հաստատել է իր մասնակցությունը գագաթաժողովին: Ըստ այդմ, մենք սպասում ենք վրացական պատվիրակությանը` նախագահ Մարգվելաշվիլիի ղեկավարությամբ», - ասել է Տիգրան Բալայանը: