211652_close_icon
views-count13815 դիտում article-date 21:47 07-10-2018

Էդվարդ Արզումանյան. Էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է 10 դրամով նվազեցնել, իսկ գազի սակագինն էլ հիմնավոր չէ

Էներգետիկ ոլորտի փորձագետ, ՀՀ վարչապետի էներգետիկ խորհրդականին կից ստեղծված սակագների հավաստիությունը ուսումնասիրող աշխատանքային խմբի անդամ Էդվարդ Արզումանյանի հայտարարություն է տարածել, որտեղ նա արձագանքել է «Գազպրոմ Արմենիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարություններին: Հայտարարության մեջ նշված է. «Սպառողներին վաճառվող բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների, մասնավորապես՝ դրանց նվազեցման հնարավորությունների վերաբերյալ օրերս տված հայտարարության վերաբերյալ իրենց կարծիքն են հայտնել ինչպես՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, այնպես էլ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Հատկանշական է այն, որ վերջինների հայտարարությունների մեջ կարմիր թելի նման անցնում է իմ հայտարարության «ապատեղեկատվական բնույթի» և «հանրությանը մոլորեցնելու նպատակ ունենալու» մասին պնդումները: ՀԾԿՀ-ի և վերջինիս կողմից վերահսկվող տնտեսվարող սուբյեկտի այս փոխհամաձայնեցված տեղեկատվական հարձակումը ցույց է տալիս, որ վերջիններս, թերևս, գտնվելով ցայտնոտային իրավիճակում, մոռացել են, որ գտնվում են բովանդակային առումով հակադիր կողմերում: Մեկը կարգավորում և վերահսկում է, մյուսը՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվում: Անդրադառնամ այդ փոխհամաձայնեցված հայտարարությունների հիմնական հարցերին: Նախ, ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ իմ կողմից կատարված եզրահանգումները Վարչապետի էներգետիկ խորհրդականին կից ստեղծված սակագների հավաստիությունը ուսումնասիրող աշխատանքային խմբի եզրահանգումները չեն, այլ իմ ու իմ համախոհ գործընկերների, այդ թվում և այդ աշխատանքային խմբի անդամ հանդիսացող փորձագետների անձնական մասնագիտական կարծիքներն են, ուստի անիմաստ է աշխատանքային խմբի դեմ ուղղված այս ագրեսիվ տեղեկատվական հարձակումը: Այս իմաստով խորհուրդ ենք տալիս խնայել ուժերը, քանի որ դրանք ապագայում պետք կգան: Աշխատանքային խմբի անդամները, որոնք «ինչ-որ» փորձագետներ չեն, ինչպես նշել է իր հայտարարության մեջ ՀԾԿՀ-ն, արդեն տևական ժամանակ է` ուսումնասիրում է իր առջև դրված խնդիրները և ոչ հեռու ապագայում կհանրայնացնի իր համապարփակ ուսումնասիրությունների արդյունքները: Խիստ կասկածում եմ, որ այդ ժամանակ ՀԾԿՀ-ն ընդհանրապես ի զորու կլինի դրանց վերաբերյալ ինչ-որ էական հայտարարություններ անել: Ավելացնեմ, որ արդեն ստացվում են տարբեր այլ փորձագետների դրական արձագանքները իմ հայտարարությանը՝ սակագների նվազեցման հնարավորություններին: Այժմ խոսեմ սակագների նվազեցման հնարավորությունների մասին: Իմ այն պնդումը, որ գազի սակագինը հիմնավոր չէ, պատճառաբանվում է նախ և առաջ դրա գոյացման տրամաբանությունից: Այսպես, ռուսական գազը արդյունահանվում և մոտ 4000-5000կմ մինչև Հայաստանի սահմանը հասնում է ընդամենը արժենալով 150 ԱՄՆ դոլար, իսկ Հայաստանում այն մատակարարվում է մոտ 80% ավելի գնով: Առանց այս անհասկանալի գնային թռիչքը ողջամտորեն հիմնավորող որևէ փաստ մատնանշելու՝ ՀԾԿՀ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մեզ մեղադրում են «անհիմն» դատողություններ անելու մեջ: Կարծում եմ, որ վերջինների մոտ ձևավորվել են «հիմնավորի» մասին տրամաբանորեն հակառակ պատկերացումներ: Կարծում եմ` գազի ոչ ողջամիտ գնագոյացումը պայմանավորված է հիմնականում համակարգի իռացիոնալ և թերի կառավարման արդյունքում: Բերենք օրինակներ՝ -գազի համակարգերում գազի տեխնիկական փաստացի կորուստները հաշվարկվում են ուռճացված ու սխալ (տեխնիկապես անհնար է բարձր ճնշման գծային գազատարում տարիներ շարունակ կրկնվի կորուստների միևնույն մեծությունը 3%-4%, անգամ եթե դա այդպես է՝- դա նշանակում է, որ չիեն կատարվել տեխնիկական համապատասխան միջոցառումներ դրանց վերացման համար, չնայած այդ նպատակներով անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայությանը սակագների հաշվարկներում) - տարեկան մոտ 10 մլրդ դրամի շահագործման ու պահպանության ծախսերը կատարվում են ոչ էֆեկտիվ և անարդյունավետ - Առկա են ՀԾԿՀ գազի սակագների հաշվարկի մեթոդաբանությամբ չսահմանված «այլ սպառողներ», այսինքն՝ կան սպառողներ, որոնց վրա չեն տարածվում սակագները և ծախսված գազի դիմաց չեն կատարվում վճարումներ: Ինչ վերաբերվում է էլեկտրաէներգիայի սակագնին, ապա նշեմ հետևյալը. Հիմնական գործոնները, որոնց հաշվառմամբ եզրահանգել են սակագնի 10 դրամով նվազեցնելու հնարավորության մասին, հետևյալն են՝ -այն բոլոր գործոնները, որոնք հիմք են հանդիսացել 2015թ. օգոստոսի 1-ից սակագինը 6,93դր. բարձրացնելու համար, դրանից 11 ամիս անց համաձայն հաշվետվությունների և մամուլում ՀԷՑ-ի կողմից հրապարակումների, հաջողությամբ հաղթահարվել էին, և սկսած 2016թ. հուլիսի 1-ից ՀԷՑ-ն աշխատում էր շահույթով և նույնիսկ գերշահույթով: -էլեկտրաէներգիայի կորուստների պլանային-հաշվարկային մակարդակը սխալ է, որ հաջորդ տարիների համար թողնվել է նույնը, ինչ եղել է 2015 թվականի վերջին՝ 11,03%: Այնինչ, արդեն այս տարվա առաջին կիսամյակում այն կազմել է 8%: Ըստ հաշվարկների դրանից ստացված լրացուցիչ եկամուտը տարեկան կազմել է մոտ 2մլրդ ՀՀ դրամ: -որպեսզի դուրս գային 2015թ. ֆինանսական ճեղքվածքից և սակագինը 6,93 դրամ բարձրացնելու գործոններից մեկը եղել է ՀԷՑ-ի մաշվածության նորմատիվը 4%-ից մինչև 8% անհիմն բարձրացնելն էր, սակայն մինչև այժմ սակագնում ընդունված է 8% չափով (տարեկան մոտ 4 մլրդ. դրամ): Կան և ուրիշ հանգամանքներ (արտադրող կայանների սակագների վերանայում) և այս բոլորը միասին անհրաժեշտություն է առաջացրել վերահաշվարկել ՀԷՑ-ից մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկի գործընթացը և այն համաձայնեցնել լիազոր մարմինների հետ: Գազի սակագնի մոտ 10% իջեցումը նույնպես ազդելու է էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման վրա, որը կլինի լրացուցիչ հանգամանք էլեկտրաէներգիայի սակագնի լրացուցիչ նվազեցման համար: Առանձին խոսակցության առարկա է նախկին «Որոտանի» ՀԷԿ-երի համակարգը 2015թ. «Կոնտուր-Գլոբալին» վաճառելու հիմնավորումներն ընդհանրապես և դրանից հետո նրա սակագնի մոտ 2 անգամ 1 տարվա ընթացքում մեծացնելը, որը և 2015թ. Սակագների բարձրացնելու պատճառներից մեկն է, քան կար, երբ Որոտանի ՀԷԿ-երի համակարգը պետական սեփականություն(Որոտանի սակագինը մինչև ապապետականացումը մոտ 3-4 անգամ ավելացվել է,իսկ ապապետականացումից հետո ևս 2 անգամ): Վերը նշվածի հաշվառմամբ, բարձրացրել ենք էլեկտրաէներգիայի սակագնի առնվազը 10 դրամ նվազեցնելու միտքը: Բացի այդ, կոչ ենք անում էներգետիկայի նորանշանակ նախարարին և ՀԾԿՀ-ին հնարավորինս շուտ կազմակերպել քննարկումներ էլեկտրաէներգիայի և գազի սակագների վերանայման հնարավորությունների մասին: Ձևաչափի առումով, առաջարկում եմ քննարկմանը ներգրավել վերջերս ստեղծված ուսումնասիրություններ կատարող բոլոր աշխատանքային խմբերից, էներգետիկայի նախարարությունից, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, ինչպես նաև հասարակական կազմակերպություններից 2ից-3-ական ներկայացուցիչների: Քննարկումները լինեն բաց՝ ամբողջությամբ լուսաբանվող: Արդյունքում բոլորիս, այդ թվում՝ հանրությանը, պարզ կդառնա, թե արդյոք գործող սակագներն արդարացված են, թե ոչ: Կարծում եմ` վերոնշյալ կամ նման ձևաչափի քննարկումը կբխի միայն հանրային շահից և մեկընդմիշտ վերջ կդնի սակագների շուրջ տարիներ ի վեր ձևավորված տարաձայնությունները»:

Նմանատիպ նյութեր