211652_close_icon
views-count3841 դիտում article-date 17:07 05-10-2018

Ֆրանսիայում պոետները երբեք չեն մահանում. Էմանուել Մակրոնը՝ Ազնավուրի հրաժեշտի արարողությանը

Ազնավուրն ուզում էր մեկ դար ապրել, նա խոստացել էր, բայց մահն ավելի շուտ վրա հասավ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Փարիզում աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ իր ելույթում ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Ստորեւ ներկայացնում ենք Մակրոնի խոսքն ամբողջությամբ. ««Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, Հարգելի վարչապետ, Շառլ Ազնավուրի ընտանիքի հարգելի անդամներ, Տիկնայք եւ պարոնայք, Շառլ Ազնավուրը ցանկանում էր ապրել մեկ դար, նա խոստացել էր իրեն, նա խոստացել էր մեզ, կարծես դա լիներ նրա կյանքի վերջին մարտահրավերը: Տարիքը երբեք նրան չզրկեց անհագ կյանքի ծարավից, ստեղծագործելու, սիրելու, երգելու ցանկությունից, բայց նրա նպատակից մի քանի քայլ առաջ նա հեռացավ: Այս հանկարծակի դատարկությունը հասկացրեց մեզ ակնհայտ մի բան, որ մեկ ամբողջ դար նա էր մեզ ապրեցում, մեր կյանքի դժվարին, դառնության, հույսի պահերին Շառլ Ազնավուրը մեզ մեկնեց սփոփիչ հայելին` իր ստեղծագործողություններով, որով նա երկար տարիներ մեր կյանքն ավելի մեղմացրեց, օգնեց դիմակայել կյանքի մարտահրավերներին: Նրա երգերն ամառային դատարկ երգեր չէին, որոնք մարդկանց մի պահ ուրախացնում էին եւ մոռացվում, նրա երգերը միլիոնավոր անձանց համար դարձան սփոփանք, մխիթարանք, նա երգում էր մեզ համար որպես կյանքի ուղեկցի, պատմում կյանքի դժվարությունների մասին: Առանձնակի ձեւով էր խոսում ժամանակի մասին, նրա ստեղծագործությունները միայն տխրություն չէին պատմում, դրանք ներկայացնում էի նաեւ նրա` գաղթի եւ աքսորի փորձը: Ասում են, որ աքսորի տարիները կրկնակի են հաշվում, նրա մոտ ֆրանսիացիները շատ արագ նկատեցին դա: Տարիների ընթացքում Շառլ Ազնավուրի ձայնի հնչերանգը մեզ միավորել է` անկախ մեր տարիքից եւ սոցիալական աստիճանից: Ազնավուրը միավորեց մեզ եւ դարձավ Ֆրանսիայի դեմքերից մեկը: Ազնավուրի երգերն առաջին հերթին բանաստեղծություններ են, որոնց բառերը գնում են դեպի մեր սիրտը, այդ բանաստեղծությունների վերնագրերը, եւ երգերի կրկներգերը դարձել են մեզ համար ժառանգություն: Հենց այս ձեւով է, որ հաստատվում է արվեստագետի հանճարը: Ֆրանսերեն լեզուն է դարձել Ազնավուրի համար այն ակունքը, կապը, որ հյուսել է ֆրանսիայի հետ: Հայ եւ հույն գաղթականների որդին, որը կրթություն չստացավ, բնազդաբար հասկացավ, որ Ֆրանսիայում լեզուն պետություն է պետության ներսում: Դերասանի որդին դարձավ փարիզեցի, սկզբում սկսեց հանդես գալ կինոյում, դժվարություններով, երբեմն կարճ երկխոսություններով, սակայն նա երբեք չէր հավակնում դառնալ դերասան: Այնուհանդերձ, նա նկարահանվեց վաթսուն ֆիլմերում, որոնցում շատերը դարձան գլուխգործոցներ: Նա միշտ եղել է երիտասարդների կողքին, եղել բաց նոր երաժշտությունների, ձայների, գաղափարների հանդեպ: Նա երիտասարդ արվեստագետների համար գրեց մինչեւ վերջ, շարունակում էր օգնել, աջակցել նրանց՝ այդպիսով սերունդների միջեւ հաստատելով կամուրջներ: Այդպես էր նա պատկերացնում Ֆրանսիան, որովհետեւ գիտեր, թե որքան է Ֆրանսիան կապված ամբողջ աշխարհի հետ: Նա երգեց ութ լեզուներով, բայց հանրությանն ամենուրեք ֆրանսերեն լեզվով մատուցեց իր երգերը: Բոլոր առաքելություններից նա նախընտրում էր հավատարմությունը. հավատարիմ էր ծնողներին, կնոջը, ընտանիքին, բարեկամներին, ընկերներին, ծանոթներին եւ անծանոթներին, նա հավատարիմ էր նաեւ Հայաստանին: Ազնավուրը Հայաստանի զավակն էր, բարեկամը, դեսպանը, նաեւ այն առատաձեռն զավակը, որ օգնության ձեռք մեկնեց 1988 թվականի երկրաշարժից տուժածներին: Նրա այդ հանձնառությունն այսօր շարունակում է «Ազնավուր» հինադրամը` ի նպաստ հայերի, Հայաստանի, ֆրանս-հայկական բարեկամության: Չնայած այն ցավին, որ թողեց ցեղասպանությունը` Ազնավուրը շարունակեց իր գործողությունները եւ ձեւավորեց իր պայքարը: Ազնավուրը մշտապես երգել է Հայաստանի, հայ ժողովրդի մասին՝ ցանկանալով պաշտպանել այն մարդկանց արժանապատվությունը, որոնց փորձել են լռեցնել: Հավատարիմ մնալով իր արմատներին` նա մեզ ցույց տվեց իր ֆրանսիական հոգու մեջ օտարազգու փոքրիկ մասնիկը: Նրա շնորհիվ Հայաստանը շատ բան է տվել Ֆրանսիային: Նրա միջոցով այսօր առիթ է հիշելու, թե մենք՝ որպես ազգ որքան պարտական ենք բոլոր այն հայերին, ովքեր ստիպված լքեցին իրենց երկիրը եւ եկան ապաստան գտնելու մեզ մոտ: Սա ընդհանուր ճակատագիր է: Բոլոր երկրների հայեր, այսօր իմ մտքում դուք եք: Հաջորդ շաբաթ Շառլ Ազնավուրը մեզ հետ պետք է լիներ Երեւանում` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին, եւ նրա տեղը բացակա կմնա: Թո՛ղ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ բարեկամությունն արժանի լինի նրա տված դասերին: Վստահ եմ, որ դեռ շատ երկար տարիներ միլիոնավոր մարդիկ դժվարության, հույսի, ուրախության պահերին իրենց հիշողության մեջ կպահեն այն երաժշտությունը կամ այն երգերի բառերը, որ այս բացառիկ բանաստեղծը թողել է մեզ: Յուրաքանչյուրիս սրտում նա կշարունակի իր ճանապարհը` քայլելով ուղիղ, ձեռքը գրպանում, ժպիտը դեմքին, եւ մեզ հետ միասին նա հպարտորեն կանցնի այս դարը: Այլեւս նա մեզ չի լքի, որովհետեւ Ֆրանսիայում պոետները երբեք չեն մահանում»: Շառլ Ազնավուրի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այդ օրը Հայաստանում սուգ է հայտարարված: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Փարիզում Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, ԱԳ նախարար Զոբրաբ Մնացականյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Սգո արարողությանը ներկա էին Ֆրանսիայի նախկին նախագահներ Ֆրանսուա Օլանդն ու Նիկոլա Սարկոզին, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրին վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 6-ին, Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Հայաստանում եւ Արցախում եւս հոկտեմբերի 6-ը սգո օր է հայտարարված:

Նմանատիպ նյութեր