211652_close_icon
views-count6198 դիտում article-date 15:56 05-10-2018

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կազմակերպման համար չի եղել գնումների ընթացակարգի ոչ մի խախտում. ԱԳ փոխնախարար

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքների ընթացքում գնումների գործընթացում ընթացակարգային ոչ մի խախտում չի եղել և չի լինում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը նման հայտարարություն արեց ԱԺ ամբիոնից՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի դիտարկմանը: Արման Աշոտյանը նշեց՝ որոշ լրատվամիջոցներում իսկությունը չճշտված զանգեր են լինում առ այն, որ հաշվի առնելով արագությունը, որով փորձում են կազմակերպել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, գնումների գործընթացն իրականացվում է հապճեպ, երբեմն նաև ընթացակարգերի խախտումով: «Հսկայական բյուջե է ծախսվում, ուզում եմ տեղեկանալ, թե ով է կազմակերպչական հարցերի ֆինանսական կարգադրիչը»,-հետաքրքրվեց Աշոտյանը: Ռուբինյանը վստահեցրեց՝գնումների ժամանակ ոչ մի ընթացակարգային խախտում չի եղել և չի լինում: «Այդ շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,-վստահեցրեց փոխնախարարը: Աշոտյանը հետաքրքրվեց նաև գագաթնաժողովին ԱԺ ներգրավվածության ձևաչափի մասին: Ռուբինյանն ասաց՝ ԱԺ-ն անմասն չի մնա Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից. դեռ ոչ ոք հրավեր չի ստացել, բայց հրավերներ կլինեն: Աշոտյանը դիտարկում արեց՝ հրավերների ակնկալիքը պարզապես պայմանավորված է նախապես տեղեկացված լինելու հանգամանքով, ոչ թե իրենց՝ պարտադիր կերպ որևէ տեղ հրավիրվելու ցանկությամբ: ԱԺ-ն հոկտեմբերի 5-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: Դրանով առաջարկվում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 11-12-ը համարել ոչ աշխատանքային՝ փոխարինելով դրանք հաջորդող շաբաթ օրերով՝ հաշվի առնելով գագաթաժողովի անցկացման օրերին Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունը: Նախագծի երկրորդ ընթերցումը կկայանա հոկտեմբերի 5-ին ժամը 18:00-ին:

Նմանատիպ նյութեր