Անձնական այցով գտնվում եմ ԱՄՆ-ում, սակայն հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը, որոշել եմ դադարեցնել այցս և հրատապ վերադառնալ Հայրենիք:
Գուրգեն Արսենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հարգելի հայրենակիցներ, անձնական այցով գտնվում եմ ԱՄՆ-ում, սակայն հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը, որոշել եմ դադարեցնել այցս և հրատապ վերադառնալ Հայրենիք:
Տեղեկացնում եմ Ձեզ, որ Միավորված աշխատանքային կուսակցությունն անվերապահորեն աջակցելու է Հայաստանի քաղաքացիներին՝ իրենց քվեներով նոր Ազգային ժողով ձևավորելու իրավունքը իրացնելու հարցում:
«Սահմանադրական կարգի» պահպանմամբ իշխանափոխությանը հասնելու քարոզ անողներին պարզապես կուզենայի հիշեցնել ՀՀ Սահմանադրության ամենակարևոր հոդվածներից մեկը՝ «Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ:
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»:
Ուստի, վերջապես եկել է ժամանակը մեր Երկրում վերականգնելու տապալված սահմանադրական կարգը, լեգիտիմացնելու իշխանությունը և այն վերադարձնելու իր իրական տիրոջը՝ Հայաստանի ժողովրդին:
Վստահ եմ, որ մեր ժողովուրդը չի սխալվի, այնպես որ չսխալվե՛ք և Դուք…
Արդարություն և խաղաղություն մեր Երկրին»: