211652_close_icon
views-count2906 դիտում article-date 21:31 27-09-2018

ԵՊՀ-ում տեղի է ունեցել «Անցումը զինված հակամարտությունից դեպի խաղաղություն. Հյուսիսային Իռլանդիայի օրինակը» թեմայով դասախոսություն

ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ «Անցումը զինված հակամարտությունից դեպի խաղաղություն. Հյուսիսային Իռլանդիայի օրինակը» թեմայով դասախոսություն: Այն իրականացվում է «Հասարակության և որոշում կայացնողների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մասին երկխոսության մեջ» ծրագրի շրջանակում, որը կազմակերպվել էր «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի կողմից: Բանախոսը Հակամարտությունների ուսումնասիրման ինստիտուտի գործադիր տնօրեն, Քուինսի համալսարանի սենատոր Ջորջ Միտչելի անվան գլոբալ խաղաղության, անվտանգության և արդարության ինստիտուտի ավագ գիտաշխատող Նիլ Ջարմենն էր: Դասախոսության ընթացքում նա անդրադարձավ Հյուսիսային Իռլանդիայի մոտ 20 տարվա պատմություն ունեցող հակամարտությանը, ներկայացրեց դրա առաջացման հիմքերը: Նիլ Ջարմենը խոսեց նաև հակամարտության արդյունքում ձևավորված քաղաքացիական շարժումների մասին, որոնք հետագայում սկսեցին քաղաքական օրակարգ ձևավորել: «Իրականում շատ դժվար է կերտել կայուն խաղաղություն,- իր ելույթում նշեց բանախոսը,- այդ ճանապարհին միշտ էլ լինում խոչընդոտներ, որոնք էլ հետո ձևավորում են հակամարտող կողմեր»: Ներկաները հնարավորություն ունեցան ծանոթացնելու Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության պատմությանն ու ներկա իրավիճակին: Ըստ բանախոսի՝ նմանատիպ իրավիճակների լուծումը հնարավոր է միայն հակամարտությունը բանակցային դաշտ տեղափոխելու միջոցով: «Հյուսիսային Իռլանդիայի օրինակով կարելի է փաստել, որ այդ ամենն աստիճանաբար տեղի ունեցավ ՝ ժամանակի ընթացքում հարցի լուծման համար ստանալով անհրաժեշտ աջակցություն ու գումար»,- ասաց Նիլ Ջարմենը: Դասախոսության ընթացքում Նիլ Ջարմենը ներկայացրեց նաև այն բոլոր մարտահրավերները, որոնք ի հայտ են գալիս խաղաղության կերտման ճանապարհին՝ առանձնացնելով քաղաքական առաջնորդի և պայքարի հստակ մարտավարության պակասը, ինչպես նաև պայքարի ընթացքում թերագնահատված խնդիրները: Հանդիպման վերջում ներկաները հարց ու պատասխանի միջոցով փորձեցին պարզել, թե ինչպես են Հյուսիսային Իռլանդիայում վերաբերում «brexit»-ին, ինչպես նաև զուգահեռներ անցկացրին Արցախյան հակամարտության կարգավորման հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր