ՀԱՊԿ-ը հասկացրել է, որ Երևանն իր վրա հույս չդնի․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է․ «ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը հույս ունի, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը խաղաղ կարգավորում կստանա: Երեկ «Russia Today» գործակալության կողմից կազմակերպված տեսակամուրջի ընթացքում Սիդորովը, պատասխանելով սահմանին իրավիճակի սրման վերաբերյալ հարցին, նշել է, որ կողմերն իրենք են կարգավորում իրավիճակը:
«Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմել: Հետևաբար, ՀԱՊԿ-ի ուժային ներուժը, ըստ էության, չի կարող կիրառվել: Հուսով ենք, որ կողմերն ինքնուրույն կլուծեն խնդիրը և ցանկալի է, որ դա արվի խաղաղ ճանապարհով»,- ասել է Անատոլի Սիդորովը:
ՀԱՊԿ-ը շատ յուրօրինակ բանաձև է գտել իր անդամների անվտանգությունը պաշտպանելու համար՝ հանգելով այն թեզին, որ հակամարտող կողմերը թող միմյանց հետ լեզու գտնեն: Իհարկե, ՀԱՊԿ-ի պարագայում նման ձևակերպումները վաղուց սովորական են, ու Հայաստանի հասարակությունը՝ հատկապես 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո, այս կառույցից ոչ մի ակնկալիք չունի:
Նման իրավիճակը մի կողմից, վկայում է ՀԱՊԿ-ի չկայացվածության ու ֆորմալ բնույթի մասին, մյուս կողմից՝ Սիդորովի խոսքերի անտարբերության մեջ դրսևորվում է հայ-ռուսական հարաբերությունների այսօրվա ճգնաժամը: ՀԱՊԿ-ը մշտապես անտարբեր է եղել Հայաստանի անվտանգության հարցերում, ավելին՝ կազմակերպության հինգ անդամներից երկուսը՝ Ռուսաստանն ու Բելառուսը, սպառազինում են իրենց դաշնակից Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին, իսկ Ղազախստանը եվրասիական կառույցներում Բաքվի շահերի հիմնական լոբբիստն է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]