211652_close_icon
views-count7274 դիտում article-date 09:44 16-09-2018

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Խաչվերացը

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը։ Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: Սուրբ խաչի գյուտից հետո Հեղինե թագուհին սուրբ Կոստանդիանոս կայսեր հրամանով Գողգոթայի վրա կառուցեց «Սուրբ Հարության» տաճարը և այնտեղ կանգնեցրեց Տիրոջ խաչափայտը: Ապա նաև Բեթղեհեմում և այլ տնօրինական վայրերում տաճարներ և մատուռներ կառուցեց: Թագուհին հրամայեց մեծ հանդիսավորությամբ ութ օր տոնել սուրբ տաճարների նավակատիքը: Այդ օրվանից կարգ սահմանվեց ամեն տարի՝ սեպտեմբերի 13-ին տոնել Խաչի նավակատիքը և Եկեղեցու տոնը, իսկ սեպտեմբերի 14-ին՝ Խաչի տոնը: Այդ օրը Հակոբոս Տյառնեղբոր օրինակով քահանայապետը բարձրացնում էր Տիրոջ խաչափայտը հավատացյալների պահպանության համար, այդ պատճառով էլ տոնը կոչվեց «Խաչվերաց»:

Նմանատիպ նյութեր