211652_close_icon
views-count6158 դիտում article-date 16:27 08-09-2018

Առաջարկում եմ նախնական կալանքի 1 օրը հավասարեցնել կարգապահական գումարտակում պատիժների 1.5 օրվան. Մարուքյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում է նախնական կալանքի տակ պահելու 1 օրը հավասարեցնել կարգապահական գումարտակում պահելու ձեւով նշանակվող պատիժների 1.5 օրվան՝ ներկայում գործող մեկ օրվա փոխարեն։ Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում, մասնավորապես, գրել է. «Առաջարկում եմ հավասարեցնել նախնական կալանքի տակ պահելու 1 օրն ազատազրկման եւ կարգապահական գումարտակում պահելու ձեւով նշանակվող պատիժների 1.5 օրվան՝ ներկայումս գործող մեկ օրվա փոխարեն։ Երեկ աշխատանքային օրվա ավարտին շրջանառության մեջ եմ դրել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Վերջինով մասնավորապես նախատեսում ենք հավասարեցնել նախնական կալանքի տակ պահելու 1 օրն ազատազրկման եւ կարգապահական գումարտակում պահելու ձեւով նշանակվող պատիժների 1.5 օրվան՝ ներկայումս գործող մեկ օրվա փոխարեն։ Նախագծով վերադարձ է կատարվում նախկին՝ ավելի մարդասիրական մոտեցմանը, քանի որ նախնական կալանքը ենթադրում է ավելի խիստ մեկուսացում եւ պահման այլ ավելի խիստ պայմաններ։ Նախագիծը մշակելիս հաշվի է առնվել, որ քրեական գործերի քննությունը կարող է ձգվել մի քանի ամիս եւ ավելի, իսկ այդ ողջ ընթացքում անձը կարող է գտնվել նախնական կալանքի տակ։ Ընդ որում, գաղտնիք չէ, որ ներպետական դատարանների կողմից կալանավորումը կիրառվում է որպես խափանման հիմնական միջոց՝ գրեթե ամեն անգամ բավարարելով մեղադրանքի կողմի միջնորդությունը։ Այս տենդենցն այժմ էլ շարունակում է մնալ ակտուալ։ Ընթացիկ տարվա հուլիսին Ռուսաստանի Պետական դուման եւս ընդունել է օրենք, որով վերջնական պատժաչափը հաշվարկելիս կալանավայրում պահման մեկ օրը հավասարեցվում է ազատազրկման մեկուկես օրվան։ Իսկ Գերմանիայում կալանքի մեկ օրը համապատասխանում է ազատազրկման մեկ օրվան, սակայն հաշվի առնելով այն, որ այլ երկրներում կալանքի կամ ազատազրկման պայմանները կարող են լինել ավելի խիստ եւ ոչ բարվոք՝ նախատեսվում է, որ դատարանն իր հայեցողությամբ կարող է օտար երկրում կալանքի եւ ազատազրկման ժամկետը հաշվակցել Գերմանիայում որպես պատիժ նշանակվող ազատազրկմանը՝ ավելի մեծ (ընդ որում՝ վերին սահման չի նախատեսվում) հարաբերակցությամբ։ Առաջարկվում է սահմանել, որ օրենքի գործողությունը տարածվելու է 2017 թ. հունվարի 1-ից հարուցված բոլոր քրեական գործերի վրա։ Ներկայացված նախագծի ընդունումը մի կողմից հնարավորություն կտա զգալիորեն բեռնաթափել քրեակատարողական հիմնարկները՝ մասնակիորեն լուծելով դրանց գերբեռնվածության խնդիրը։ Մյուս կողմից՝ հարյուրավոր դատապարտյալների եւ նրանց ընտանիքների համար պատժաչափի անգամ ոչ մեծ կրճատումը պետության կողմից իրենց հանդեպ մարդասիրության լավագույն դրսեւորումը կլինի»։

Նմանատիպ նյութեր