ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուղերձն Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ ուղերձ է հղել, որում նշված է.
«Արցախը պետք է կազմի քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհի բաղկացուցիչ մասը: Առանց ջանք խնայելու այս նպատակի համար պետք է աշխատենք բոլորս:
Արցախի ժողովրդավարական ճանաչելիությանը նպաստելը դարձել է իմ աշխատանքի հիմնարար ուղղություններից մեկը:
Գլխավորապես լինելով ոչ հրապարակային՝ այս աշխատանքը նպատակ ունի քաղաքակիրթ աշխարհին ցույց տալ Արցախն իր ժողովրդավարական ինստիտուտներով ու խթանել միջազգային իրավապաշտպան ներգրավվածությունը:
Այս գործունեությունն անկախ է քաղաքական որևէ ազդեցությունից և իրականացվում է բացառապես իրավունքների պաշտպանության տեսանկյունից՝ օգտագործելով Մարդու իրավունքների պաշտպանի միջազգային բարձր հեղինակությունը:
Չի կարող տարածքի քաղաքական կարգավիճակն ազդեցություն ունենալ իրավունքների պաշտպանության վրա:
Շնորհավորում եմ արցախցիներին և ողջ հայությանն համահայկական այս տոնի առթիվ»: