283826 դիտում
22:02 28-08-2018
Դաժան ու ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. «07»-ը բախվել է Opel-ին և առաջ ընթանալով՝ մխրճվել վրացական համարանիշներով բեռնատարի մեջ. ընտանիքի հայրն ու 3 անչափահաս երեխաները տեղում մահացել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 28-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Քարակերտ գյուղից դեպի Գյումրի տանող ճանապարհահատվածում բախվել են ВАЗ 2107 մակնիշի 34 ZP 846 համարանիշի ավտոմեքենան և վրացական համարանիշներով SCANIA մակնիշի բեռնատարը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղ նրանք ևս մահացել են։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։
Վթարի վայր է ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանը։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Բաղրամյանի թիվ 28 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Բաղրամյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Համբարյանի գլխավորությամբ։
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները՝ ավագ քննիչ Բաղդասար Կիրակոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր .օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածները հայր ու որդիներ են, և երեխաները 7, 14 և 15 տարեկան էին։
Մինչ կժամանեին արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Բաղրամյանի հրշեջ-փրկարարները, երեխաներին ավտոմեքենայից դուրս են բերել մի քանի երիտասարդներ։ Հավաքվածներն էլ ասում էին. «Սկզբից չէինք համարձակվում մոտենալ, քանի որ տեսարանը սարսափազդու էր, սակայն քարակերտցի Սիփան Ալոյանը ինքը մոտեցավ ու երեխաներից երեքին դուրս բերեց ավտոմեքենայից, իսկ հետո արդեն տեսանք, որ Սիփանն ամբողջովին արյան մեջ էր, ու արդեն ժամանեցին օպերատիվ ծառայություններն ու սկսեցին իրենց գործողությունները կատարել, բայց այդպիսի տեսարան մեր գյուղը երբևէ չէր տեսել։ Մեր թշնամիներին անգամ չենք ցանկանա նման վթար»։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Բաղրամյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Ֆոտոլրագրողը հայտնում է՝ պարզվել է, որ «07»-ը մինչև վրացական համարանիշներով ֆուռի հետնամասին մխրճվելը, բախվել է Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 68-ամյա Հակոբ Բունիաթյանի վարած Opel Vectra մակնիշի 34 PV 193 համարանիշի ավտոմեքենային։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «07»-ը վարել է Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչ՝ 42-ամյա Մարատ Արսենյանը, ով մահացել է, իսկ մյուս մահացածները նրա տղաներն էին՝ 15-ամյա Արթուր Արսենյանը, 14-ամյա Վահան Արսենյանը և 7-ամյա Արգիշտի Արսենյանը։
Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Արտակ Ղազարյանը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Մանրամասները դիտեք առաջիկա կիրակի` «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին[/color]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2062 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)