211652_close_icon
views-count4093 դիտում article-date 18:26 27-08-2018

ՀՀ նախագահը բոլոր քաղաքական ուժերից ակնկալում է առաջնորդվել երկրի անվտանգության, կայուն ու անցնցում զարգացման առաջնահերթ շահերով

Նախագահ Արմեն Սարգսյանը մշտապես հետևում և իր ուշադրության կենտրոնում է պահում տեղի ունեցող գործընթացները: Այս մասին ասված է ՀՀ նախագահ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության անդրադարձի մեջ՝ ի պատասխան հարցադրումներին, որոնք վերաբերում են Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակի մասին հանրապետության նախագահի գնահատականին. «Նախագահ Արմեն Սարգսյանը մշտապես հետևում և իր ուշադրության կենտրոնում է պահում տեղի ունեցող գործընթացները: Պետության համար կենսական համարելով իշխանության բոլոր ճյուղերի՝ Սահմանադրության և դրանում ամրագրված նրանց լիազորությունների սահմաններում գործելու, միմյանց նկատմամբ հարգանք դրսեւորելու անհրաժեշտությունը, Հանրապետության նախագահը բոլոր քաղաքական ուժերից ակնկալում է առաջնորդվել մեր երկրի անվտանգության, կայուն ու անցնցում զարգացման առաջնահերթ շահերով: Պետության շահը, երկրի անվտանգությունն ու անձի և քաղաքացու իրավունքների նկատմամբ հարգանքը գերակա են բոլորիս համար: Հանրապետության նախագահը ողջունում է վարչապետի և ԱԺ նախագահի հանդիպումը՝ դրական գնահատելով արդյունքում արձանագրված պայմանավորվածությունները: Նախագահը հույս է հայտնում, որ առաջիկայում կտեսնենք դրական արդյունքներ: Հանրապետության նախագահը վերահաստատում է իր դիրքորոշումը, որ խնդիրները լավագույնս լուծվում են երկխոսության և բանակցությունների միջոցով, որոնց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կողմերը հարգում են՝ հետևողականորեն կատարելով այդ պայմանավորվածություններին միտված գործողություններ՝ ընթացքում դասեր քաղելով և արձանագրելով հաջողությունները։ Սա պետք է դարձնել մեր քաղաքական հարաբերությունները բնորոշող գերակա մշակույթ»,-ասված է պատասխանի մեջ: Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում են ունեցել:

Նմանատիպ նյութեր