211652_close_icon
views-count25590 դիտում article-date 18:17 25-08-2018

Արմեն Աշոտյան. Ինձ լավություն չեն արել, երբ ի պաշտոնե հրավիրել են այդ միջոցառմանը

ՀՀ ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10216321298403223]էջում[/url] գրել է. «Երեկ, որպես հայ-գերմանական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, մասնակցել եմ Անգելա Մերկելի պատվին հրավիրված ընթրիքին և հրապարակել եմ համապատասխան լուսանկարը: Այս փաստը արձագանք գտավ համացանցում, մասամբ Մերկելի, մասամբ Նիկոլ Փաշինյանի, մասամբ իմ պատճառով: Հաճելի էր, որ արձագանքների և գնահատականների ճնշող մասը դրական էր և համարժեք այս քայլին: Բայց տեղ գտան նաև հարցադրումներ, որոնք կարելի է բաժանել երկու խմբի. 1. Ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը հրավիրել Արմեն Աշոտյանին 2. ինչո՞ւ էր Արմեն Աշոտյանը գնացել Նիկոլ Փաշինյանի միջոցառմանը: Օգտագործեմ այդ առիթը հետևյալ տեսակետս վերահաստատելու համար: Անկախ ներքաղաքական տարաձայնություններից, ներքին թեժ պայքարից և քաղաքական գնահատականներից, մենք պետություն ենք ներկայացնում: Լինելով ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողվի նախագահ՝ արել և անելու եմ դա իշխանափոխությունից առաջ և հետո: Ինձ լավություն չեն արել, երբ ի պաշտոնե հրավիրել են այդ միջոցառմանը: Ես էլ լավություն չեմ արել, երբ ընդունել եմ հրավերը: Ինձ լավություն չեն արել, երբ իմ քննադատությունից և ահազանգից հետո Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կրկին ներգրավել են Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրագործումը ապահովող հանձնաժողովի մեջ: Ոչ էլ ես եմ լավություն արել, երբ համաձայնել եմ աշխատել այդ ձևաչափով: Ես լավություն չեմ անում կառավարությանը, երբ ԵՎՐԱՆԵՍԹ-ում, Եվրոպական Խորհրդարանում կամ այլուր պայքարում եմ Հայաստանի ազգային շահերի համար: Ոչ էլ վատություն եմ անում օրվա իշխանություններին, երբ այդ նույն միջազգային հարթակներում քննադատում եմ իրենց գործողությունները: Նման հարցերում լավություն հասկացություն չկա: Մենք, պետական բոլոր պաշտոնյաներս, պարտավոր ենք աշխատել մեր պատասխանատվության ոլորտներում, օգտագործելով մեր գիտելիքները, փորձը, հմտությունները և կապերը հանուն ավելի լավ Հայաստանի, հանուն մեր քաղաքացիների: Ասում եմ սա, որպես քաղաքական աքսիոմ, պարզ ճշմարտություն, որպես պետությունը սիրող մարդ: Այդպես շարունակելու եմ վարվել այնքան ժամանակ, որքան օգտակար կլինեմ իմ երկրին, մասնավորապես՝ արտաքին քաղաքականության մեջ և միջազգային պարտավորությունների կատարման հարցում: Կառավարությունները գալիս են ու գնում են, Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի մշտապես և բոլորինը», գրել է Ա. Աշոտյանը:

Նմանատիպ նյութեր